Կայացավ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովը: Ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Կարեն Գիլոյանը ներկայացրեց 2015 թվականին ֆեդերացիայի աշխատանքի հաշվետվությունը, որից հետո կատարվեց ՀՁՖ նախագահության կազմի ընտրություն: Նախագահության նորընտիր կազմը ֆեդերացիայի նախագահ վերընտրեց Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի նախագահ Հայրապետ Հայրապետյանին: Այնուհետեւ, հաստատվեցին հանձնաժողովների կազմերը: Ընդ որում, ժամանակի պահանջներին համապատասխան ձեւավորվեց մի նոր հանձնաժողով եւս՝ Անասնաբուժական հանձնաժողովը:
Ընդհանուր ժողովի օրակարգային հարցերը սպառելուց հետո ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը լրատվամիջոցներին ասաց, որ մրցաշրջան 2015-ը բավականին հագեցած է եղել: «Ունեցել ենք միջազգային մրցումների մասնակիցներ, կազմակերպել Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնություններ տարբեր մրցաձեւերից: Մշակել եւ լուծել ենք ձիերի անձնագրավորման խնդիրները, որոնցով լուծվում են կենդանիների համեմատաբար ազատ տեղաշարժի հարցերը սահմանից այն կողմ: Այլ առաջարկներ էլ եղան, որոնցից կարեւորում ենք ձիասպորտը հանրապետության տարածքում զարգացնելը՝ մարզերում տեղի կենդանիների միջեւ տարբեր մրցումներ կազմակերպելով: Մինչեւ մարտ ամիսը ֆեդերացիայի նախագահության անդամները տեղերում մանրամասն ինֆորմացիա կհավաքեն, որն ամբողջանալուց հետո կրկին կհավաքվենք ու արդեն կոնկրետ անելիքների ծրագրեր կմշակենք», – ասաց Հայրապետ Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայրապետ Հայրապետյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտ» օրաթերթի շաբաթ օրվա համարում