Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ պատերազմները մամուլի քարտուղարները չեն հայտարարում»

Դեկտեմբեր 24,2015 22:35

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեքշաբթի լրագրողների հետ հանդիպում էր ունեցել, որի ընթացքում խորհուրդ էր տվել ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս խաղաղ բառը չկիրառել եւ խնդրել է ընդհանուր գրական տերմինաբանության մեջ օգտագործել ե՛ւ «պատերազմ» բառը, ե՛ւ չօգտագործել «հրադադարի խախտում» բառը:

Aravot.am-ը «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանից եւ «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանից հետաքրքրվեց, թե արդյոք հետեւելո՞ւ են  Արծրուն Հովհաննիսյանի այդ խորհրդին:

Taguhi TovmasyanԹագուհի Թովմասյանը պատասխանեց, որ «Ժողովուրդ» օրաթերթը չի հետեւի Արծրուն Հովհաննիսյանի խորհրդին. «Իհարկե, չեմ բացառում, որ ՊՆ-ում նախապես պլանավորված տերմինաբանությամբ էր համեմված ՊՆ խոսնակի հայտարարությունը: Բայց այնուամենայնիվ, մենք չենք ընդառաջի ՊՆ խոսնակի խնդրանքին եւ չենք օգտագործի «պատերազմ» բառը, քանի որ այսօր ապրում ենք այնպիսի իրավիճակում, որ ո՛չ Հայաստանի Հանրապետությունն է պաշտոնապես պատերազմ հայտարարել  Ադրբեջանի հանրապետությանը, ո՛չ էլ՝ հակառակը: Դրա համար կա իրավական հատուկ ընթացակարգ:

Անշուշտ, մարտական գործողություններ, ցավոք, տեղի են ունենում Հայաստանի եւ Արցախի սահմանի շատ հատվածներում, բայց պատերազմ տերմինն օգտագործելը լուրջ պատասխանատվություն է:

Իմ մանկության տարիներին՝ ապրելով սահմանամերձ շրջանում, իմ աչքերով եմ տեսել եւ կաշվիս վրա զգացել պատերազմի դառնությունը: Աստված չանի՝ նորից նույն իրավիճակը կրկնվի. այն ոչ մի լավ հանգրվանի չի տանի ո՛չ մեր երկրին, ո՛չ Ադրբեջանին ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ բարոյահոգեբանական իմաստով»:

Լուսանկարը՝ Դավիթ Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Դավիթ Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից

Իսկ Դավիթ Ալավերդյանը նշեց, որ «Մեդիամաքսը» միշտ էլ տարբերակված մոտեցում է ունեցել այս հարցում. «Եթե ՊՆ-ի ու ՊԲ-ի հաղորդագրություններում նշված է լինում հրադադարի խախտում, այդպես էլ թողնում ենք։ Բայց «Մեդիամաքսի» լրագրողների հեղինակային նյութերում հաճախ կարող եք հանդիպել նաեւ «պատերազմ», չհայտարարված պատերազմ եւ այլ բնութագրերի։ Այս պարագայում դա իրավիճակի՝ մեր լրագրողների ընկալումն է, հատկապես երբ նրանք այցելում են սահմանային գյուղեր, ուր պատերազմը հիրավի երբեք չի էլ ավարտվել։

Մենք շատ լավ գիտակցում ենք, որ պատերազմները մամուլի քարտուղարները չեն հայտարարում։ Բայց տվյալ պարագայում հասկանում ենք նաեւ Արծրուն Հովհաննիսյանի մղումները։ Եթե տողերի արանքում ուշադիր նայեք, կնկատեք, որ նա պարզապես զգոնության կոչ է մեր հանրությանը՝ նկատի ունենալով, որ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի, եւ մենք պետք է դրան պատրաստ լինենք»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031