ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չի կարողանում հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է ՀԱԿ-ը հանրահավաքների հարցով դիմել ՄԻԵԴ:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել ՀԱԿ-ի դեռեւս 2010 թվականի ներկայացված հայցն ընդդեմ ՀՀ իշխանությունների։ Հայցը վերաբերում է հանրահավաքներ ու երթեր անցկացնելու քաղաքապետարանի մերժումին։
«Ստացվում է՝ ՀԱԿ-ի վերջին շունչն է, փորձում են իրենց վրա ուշադրություն սեւեռել, ամեն ինչ անում են, փրփուրներից են կախվում: Այնպես չէ, որ ոչ մեկ թույլ չի տվել, բայց մյուս կողմից, եթե թույլ տային իրենք ի՞նչ էին անելու: Մի քիչ էլ քաղաքական ուժը հայելու մեջ մեկ-մեկ իրեն պետք է նայի, ոչ թե առանց ինչ ուզի անի: Առանց հասկանալու՝ իր հետեւից եկող կա, լսող կա, թե չկա: Դրանով ինչ են ուզում ցույց տալ, հերթական անգամ եվրոպական կառույցների մոտ պաշտպանություն գտնել՝ փնովելով սեփական իշխանությա՞նը: Եթե որեւէ մեկը կա, որը կարող է մտածել՝ ՀԱԿ-ի հանրահավաքներից իշխանությունը վախեցել է դրա համար թույլ չի տվել, ապա չարաչար կսխալվեն:
Քաղաքապետարանը գուցե թույլ չի տվել, որովհետեւ միջոցառումներ է ունեցել: Նման մի անշնորհքություն էլ արեցին Գյումրիում, երբ թատերաշրջանի բացման օրը մի քանի ամիս առաջ, եկել էին հանրահավաք անում: Հետո էլ առանց հասկանալու դուրս եկան խոսեցին, թե մեզ թույլ չտվեցին, որ թատրոնից լույս վերցնենք էս անենք, էն անենք: Մարդ պետք է հասկանա՝ ինչ է անում: Այնպես չէ, որ իրենցից վախենում են, թույլ չեն տալիս»,- վրդովվեց պատգամավորը:
Կարդացեք նաև
Նա չի կարծում, որ ՄԻԵԴ-ը կբավարարի ՀԱԿ-ի հայցը, բայց եթե բավարարի, պատգամավորի համար մի շարք հարցեր կառաջանան. «Ի՞նչ են անելու, հետին թվով միտի՞նգ պիտի անեն: Չեմ կարծում, որ ՄԻԵԴ-ը բավարարի, որովհետեւ աբսուրդ է: Ի՞նչ են ուզում անել, միտինգ անելու փոխարեն թող գան, նստեն Ազգային ժողովում, խոսեն, թե չէ միշտ խոսում են, հակառակն է ստացվում, ինչ ասում են՝ սուտ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ