Նախագահի անունից չորեքշաբթի՝ դեկտեմբերի 24-ին, նախագահի անունից տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Ընդունելության ընթացքում նախագահը խոսել է 2015 թվականի տնտեսական զարգացման մասին եւ ասել՝ շատ երկրներ ուրախ կլինեին այսպիսի ցուցանիշներ արձանագրելով, սակայն մեր բացարձակ թվերը բարձր չեն, ուստի և մենք մեզ ներկա ցուցանիշներով բավարարված համարել չենք կարող:
Այս մասին Aravot.am-ը զրուցեց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ: Նա նշեց, որ նախագահը պաշտոնական տվյալներ է մեջբերել, եւ գրեթե այդպես էլ տարին ամփոփվում է. «Այս տարի գնաճի առումով շատ լավ վիճակ է, ես վերլուծել եմ: Մի քանի պատճառներով ընկերությունները չեն ձգտում բարձրացնել ապրանքների գները: Եվ ինձ թվում է, որ այն խոշոր ներկրողները կամ ապրանքի վաճառողները կա՛մ հանձնարարություն ունեն, կա՛մ իրենք էլ են տեսնում, որ ժողովրդի վիճակն առանձնապես լավ չէ. գնողունակությունը քիչ է, աղքատություն կա, ցածր արտադրողականություն կա հիմնարկների, հատկապես՝ միկրոբիզնեսի շրջանում, իսկ նրանք զբաղվածություն են ապահովում»:
Անդրադառնալով տնտեսական աճին՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հայտարարած 2.9 տոկոսը մոտ է իրականությանը, ավելին՝ նա նշեց, որ կարծում է՝ հաջորդ տարի եւս ավելցուկ կապահովվի այն դեպքում, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսել է 2.2 տնտեսական աճ: Նա ընդգծեց, որ ԱՄՀ-ն 2016 թվականին Ռուսաստանի համար կանխատեսում է -0.6 տոկոս տնտեսական աճ, այն դեպքում, երբ 2015 թվականին այն կազմել է -3.6 տոկոս. «Այսինքն՝ Ռուսաստանի թեթեւ առողջանալը Հայաստանի վրա էական դրական ազդեցություն կունենա, այսինքն՝ տրանսֆերտների ծավալները կարող են աճել, ինֆլյացիան կարող է նվազել, կարող են գնումներ ծավալները մեծանալ: Մի բան էլ պետք է հաշվի առնենք, որ ԱՄՀ-ի կանխատեսումներով Եվրոպայում էլ մյուս տարի մեծ տնտեսական աճ չի սպասվում, մոտավորապես՝ 1.3-1.6 տոկոս, որը Եվրոպայի մասշտաբով մեծ թիվ չէ, եւ դա կնշանակի, որ քանի որ մեր արտաքին առեւտրի առաջին գործընկերը Եվրամիությունն է, դա կարող է մեզ կաշկանդել: Այսինքն՝ Ռուսաստանը մի կողմից մի քիչ առողջացնում է տնտեսությունը, բայց մյուս կողմից՝ Եվրոպայի տնտեսությունը մի քիչ լարված վիճակում է, հետեւաբար՝ եկող տարի, ընդհանուր առմամբ, մենք մեծ բաներ ակնկալել չենք կարող»:
Լուսանկարը` ՀՀ Նախագահի անունից Նախագահի նստավայրում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպումից:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ