Դիլիջան քաղաքի բնակիչ, 1955թ. ծնված Համլետ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ տեղեկություններով արձանագրություն կազմելու համար: Նա 2014թ. սեպտեմբերի 22-ին նշանակվել է «Դիլիջան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասի 8 պահաբաժնի տեսուչ եւ ստացել է վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կարգավիճակ, լիազորություն է ունեցել պարկի պահպանության ռեժիմի խախտումների վերաբերյալ կազմելու արձանագրություններ:
Ըստ մեղադրանքի` 2015թ. հունվարի 20-ին անձնական դրդումներից ելնելով` ազգային պարկի ղեկավարության մոտ աշխատանքները դրական ներկայացնելու շարժառիթով անհայտ անձի կողմից թվով 14 հատ ապօրինի հատված, 194 500 դրամ սակագնային արժեքով ծառերի վերաբերյալ կազմել է իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկություններով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող անտառխախտման թիվ 055 արձանագրությունը, որ իբր ապօրինի անտառհատումը կատարել է Դիլիջան քաղաքի բնակիչ Սամվել Գևորգյանը:
Հ. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածով («Պաշտոնական կեղծիքը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ մինչեւ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատաքննությունը սկսվելը Հ. Մուրադյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, ասելով,որ ինքը համաձայն է մեղադրանքին:
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 16-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը Համլետ Մուրադյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածով եւ նրան դատապարտել տուգանքի՝ 400 հազար դրամի չափով, անտառտնտեսության մարմիններում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ