2015 թվականը Գյումրիում սկսվեց սգով՝ Ավետիսյանների անմեղ ընտանիքի գնդակահարությամբ, հետեւաբար եւ սթրեսի մեջ հայտնված այս քաղաքի բնակչության մոտ ցանկություն կա վայրկյան առաջ ճանապարհ դնել դաժան տարին: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որն այսօր ամփոփում էր 2015 թվականը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց.
«Թեեւ ժամանակն անցնում է, բայց դեպքն այնպիսին է, որ չենք կարող մոռանալ, բոլորս հիշում ենք, դաժան դեպք է: Ես ժամանակին գնահատականներ տվել եմ, չեմ ուզում նորից կրկնել դրանք, բայց պետք է ասեմ, որ չի մոռացվում, չի կարող մոռացվել, ուղղակի ժամանակը պետք է իր խոսքն ասի: 2015 թվականի ավարտը ինձանից կամ որեւէ մեկից կախված չէ, բայց շատ տխուր սկսեցինք 2015 թվականը, ժամանակը փոխվել է, բավականին գնացել է, հուսով եմ հանցագործը իր արժանի պատիժը կստանա, մեր անելիքը, հավանաբար, կլինի այն, որ ընտանիքի հետ մշտական կապը պահելով՝ սփոփենք նրանց»:
Շիրակի մարզպետը խուսափեց գնահատական հնչեցնել այն փաստին, որ Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի է ունենում 102-րդ ռազմաբազայում: «Լսել եմ, որ դժգոհություններ կան, բայց դատարանը իր գործն է անում, մենք մեր գործն ենք անում, մենք դատարանի գործերին խառնվելու իրավասություններ չունենք», ասաց մարզպետը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ