Դեկտեմբերի 19-ին Բեռնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընթացքում բեկումնային առաջընթաց տեղի չունեցավ, սակայն կողմերը հաստատեցին իրենց հետաքրքրությունը՝ շարունակելու Մինսկի ձեւաչափով աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ։ Այս հայտարարությունն, ըստ «EADaily»-ի, արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ ռուսական կողմը սատարում է ամենաբարձր մակարդակով անցկացվող երկխոսությունը, որը միտված է հակամարտությունը խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն։ Նախագահները հնարավորություն են ունեցել երես առ երես շփվել, դիտարկել շփման գծում տիրող անբավարար վիճակը, քննարկել բոլոր առաջարկները եւ հստակեցնել վիճելի հարցերով դիրքորոշումները։
Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքերով՝ Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակելու է կողմերին աջակցել այս ուղղությամբ, նաեւ իր սեփական ջանքերը կգործադրի, որ օգնի հասնել փոխզիջման. «Մենք հավատում ենք, որ համանախագահների միջնորդական գործունեությունը կշարունակվի»։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ