Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին հանդիպման ժամանակ ընդունել են, որ միմյանց հետ խոսելը կարևոր է, ուստի Մինսկի խումբը հույս ունի, որ հակամարտող կողմերը զերծ կմնան բռնություններից և հաջորդ տարի կշարունակեն բանակցությունները ավելի լավ մթնոլորտում:
Բեռնի հանդիպումն այսպես է մեկնաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի մի քանի հարցերին:
– Ելնելով այս հանդիպումից` կարո՞ղ ենք արդյոք հաջորդ տարի ակնկալել ակտիվություն բանակցություններում, որը վերջապես կհասցնի խնդրի խաղաղ լուծման:
– Սեղանին կան մի շարք առաջարկներ, որոնց շուրջ առաջիկա տարում կկառուցվի մեր աշխատանքը կողմերի հետ: Մենք հնարավորություն ունենք հղկել լուծմանը, ինչպես նաև լարվածության ռիսկի նվազեցմանը վերաբերող առաջարկները, այդ թվում՝ հետաքննության մեխանիզմի և կրակոցների վայրն ամրագրող տեխնիկական միջոցների վերաբերյալ: Մենք ցանկանում ենք նաև հնարավորություններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև երկխոսության համար՝ լրացնելու բանակցային գործընթացը:
Կարդացեք նաև
– Հակառակ Մինսկի խմբի հայտարարությանը և նախագահների հայտնած մտահոգությանը` ակնհայտ է դարձել մի օրինաչափություն, որ իրավիճակը սահմանին սրվում է հատկապես բարձր մակարդակով հանդիպումների նախօրեին, և փաստորեն նախագահների հանդիպումը, լարվածությունը նվազեցնելու փոխարեն, ավելի է սրում վիճակը սահմանին: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք: Արդյոք այս հարցը տրվե՞լ է այն կողմին, որն ամեն հանդիպումից առաջ սադրանքներ է հրահրում հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում: Ընդ որում, այդ հանդիպումից հետո վիճակը սահմանին ավելի սրվեց: Ադրբեջանական ուժերը նոր հարձակումների անցան և կրկին տանկ կիրառեցին շփման գծում: Եվ կարելի է ասել` սա պատասխանն է այն ջանքերի, որ գործի դրվեցին ավելի քան մեկ տարի, որպեսզի այս հանդիպումը կայանա: Այդ դեպքում ի՞նչ է լինելու հիմա, երբ ոչ մի երաշխիք ու պայմանավորվածություն փաստորեն այլևս չի աշխատում:
– Ցավալի է, եթե կողմերն օգտագործում են լարվածությունը որպես լծակ նախագահների հանդիպման նախաշեմին: Նույնքան ցավալի է, որ բռնությունները շարունակվում են նախագահների հանդիպումից հետո: Բեռնում երկու նախագահներն էլ մտահոգություն հայտնեցին լարվածության աճի վերաբերյալ և վերահաստատեցին իրենց հանձնառությունը խնդրի խաղաղ կարգավորման շուրջ: Հրամայական է, որ կողմերը զերծ մնան բռնություններից, որպեսզի քաղաքացիական ու զինվորական անձանց կյանքերը պաշտպանված լինեն, բարելավվի նախագահների միջև բանակցությունների մթնոլորտը, և դրանք շարունակվեն հաջորդ տարում:
Արամ Սարգսյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում