«Արեւելք» հանդեսը վերջերս տեղեկություն էր հրապարակել, թե Երևանում հողատարածք է հատկացվել՝ լուսանկարչության միջազգային թանգարան կառուցելու համար: Ըստ աղբյուրի՝ այդտեղ ցուցադրվելու են ստամբուլաբնակ աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարները: Տեղեկությունը Ստամբուլում անձամբ լուսանկարչին է փոխանցել Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանը:
Aravot.am-ը մանրամասներ ճշտելու նպատակով մեկնաբանություն խնդրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից: Վերջինիս գրավոր պատասխանում ասվում է. «Արևելք» գործակալությունն իր ուրույն մեկնաբանությամբ է ներկայացրել Ստամբուլում թերթերից մեկում լույս տեսած՝ ՍԾՏՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Արսեն Ավագյանի և Արա Գյուլերի հանդիպման մասին լուրը, ինչի արդյունքում Ա. Ավագյանին վերագրվել են արտահայտություններ, որոնք վերջինս չի արել»։
Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարության տեղեկություններով՝ Գյուլերի երեւանյան թանգարան հիմնելու լուրն իրականությանը չի համապատասխանում:
Փոխնախարարը նշեց, որ ներկայում Հայաստանի ազգային պատկերասրահի մի ամբողջ հարկ տրամադրված է Արա Գյուլերի լուսանկարներին, որոնք 2013թ. հեղինակը նվիրաբերել է Հայաստանին. «160 լուսանկար է ցուցադրվում՝ տարբեր բնույթի եւ ոճի, այդ թվում՝ հայտնի մարդկանց դիմանկարներ, մի շարք քաղաքների համայնապատկերներ: Հետագայում, ավելի լավ հնարավորությունների պարագայում, լուսանկարները կտեղափոխվեն մեկ այլ վայր: Այս պահին Արա Գյուլերին տրամադրված է Հայաստանի գլխավոր պատկերասրահի մի ամբողջ հարկ: Կարծում եմ՝ դա պետք է դիտարկել որպես գնահատական լուսանկարչի հանդեպ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ