Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Երբ Ռիոյի 25-26 ուղեգիր կունենանք, այն ժամանակ կասենք, որ գոհ ենք»

Դեկտեմբեր 24,2015 16:24

Այսօր ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ամփոփեց մարզական 2015 տարին:

Նա ընթացիկ տարում առանձնացրեց կարեւորագույն երեք միջոցառում. Բաքվում անցկացված Եվրոպական 1-ին ամառային խաղերը, ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակը, Օլիմպավանի բացումը եւ առանձին-առանձին անդրադարձավ դրանց: «Բաքվի արդյունքների մասին չկրկնվեմ: Կյանքը ցույց տվեց, որ մենք մասնակցելու առումով ճիշտ ու տեղին որոշում էինք կայացրել, որով մեր երկրի հեղինակությունը մի նոր մակարդակի բարձրացավ եւ այսօր ՀԱՕԿ-ը համաշխարհային օլիմպիական շարժման մեջ կարեւորագույն օղակներից մեկն է: Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ի 25-ամյակին, դուք ինքներդ էլ տեսաք, թե ամեն բան որքան ներկայացուցչական էր ու ինչ պատկառելի անձինք էին ժամանել: Ընդ որում, նրանց թիվն ավելի էր նախատեսվածից, ինչը խոսում է մեր Ազգային օլիմպիական կոմիտեի բարձր կշռի մասին:

Օլիմպավանը: Բոլորդ էլ տեղյակ եք, որ Օլիմպավանը գերժամանակակից մարզական կենտրոն է եւ կառուցվել է պարոն Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով: Այն վերջնական շահագործման կհանձնվի 2016 թ. հունիս ամսին: Գիտեք նաեւ, որ ավելի ուշ մեր մարզաշխարհի խնդրանքով Օլիմպավանում լողավազանի եւ խաղային մարզադահլիճի կառուցման աշխատանքներ են սկսվել, որոնք կավարտվեն մայիսի վերջ-հունիսի սկզբին: Լողավազանում լինելու է նաեւ ջրացատկի կենտրոն:

Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ մրցաշրջան 2015-ում մեր առաջատար մարզիկները բավականին հաջողություններ են արձանագրել, սակայն միանշանակ ասել, թե ՀԱՕԿ-ում գոհ են, այնքան էլ իրական չի լինի: «Եղան մարզաձեւեր, որոնցում գրանցված արդյունքները շատերի համար՝ անակնկալ, բայց մեզ համար սպասելի էին: Օլիմպիական կոմիտեն այս տարի սպորտին նայում էր, եթե կարելի է ասել, երկու պրիզմայով: Առաջինը բարձր արդյունքներն էր, ինչը հաճելի է: Գլխավոր խնդիրը օլիմպիական վարկանիշեր ձեռք բերելն էր: Այս պահին մենք ունենք 11 ուղեգիր: Հաջորդ տարի նախատեսում ենք եւս 13-ից 14-ը: Այ, երբ 25-26 վարկանիշ ունենանք՝ սպիտակ քարտերի մասին չէ խոսքը, կարող ենք ասել, որ գոհ ենք արդյունքներից», – ասաց պարոն Ռոստոմյանը: Նա ասաց նաեւ, որ իր անձնական կարծիքով պետք չէ սպիտակ քարտերից օգտվել, որովհետեւ եթե մարզիկը Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, վարկանիշային մրցաշարերում չի կարողանում ուղեգիր նվաճել, ապա օլիմպիական խաղերում մեդալների համար պայքարում անելիք չունի: «Լավագույն դեպքում նա օլիմպիական խաղեր կմեկնի Պիեր դե Կուբերտենի՝ կարեւորը մասնակցելն է կարգախոսով: Եթե խոսքը ձմեռային օլիմպիական խաղերի մասին լիներ, մեզ համար սպիտակ քարտով մասնակցելը նորմալ կհամարեի: Բայց ես անձամբ գտնում եմ, որ ամառայինում պետք է անպայման վարկանիշ ձեռք բերել: Կրկնում եմ՝ սա իմ անձնական կարծիքն է: Սակայն կա օլիմպիական կոմիտեի գործկոմ, որտեղ այդ հարցը դեռ կքննարկվի»:

Aravot.am-ի հարցին, թե 2016 թ. արդեն օլիմպիական տարում մեր առաջատար մարզիկների նախապատրաստական աշխատանքներում լրացուցիչ միջոցառումներ նախատեսվո՞ւմ են, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Այստեղ էլ երկու ուղղություններով ենք աշխատում: Առաջին. այն մարզիկները, որոնք արդեն օլիմպիական ուղեգիր նվաճել են, նրանց համար առանձին ծրագրեր եւ օժանդակություն է լինելու: Երկրորդ. մարզիկներ, որոնք ուղեգիր դեռ պետք է նվաճեն: Այս խմբի համար այլ աշխատանք է նախատեսվում: Ընդ որում, այս ծրագրերը օլիմպիական քառամյա ցիկլի համար մշակվել եւ կիրառվում են 2013 թվականից: Մինչեւ այս պահը այդ բոլոր ծրագրերն իրականացվել են լիովին: 2016 թվականի համար օլիմպիական կոմիտեն առանձին-առանձին հանդիպել է բոլոր մարզաձեւերի ֆեդերացիաների հետ եւ հանգամանալից քննարկել Ռիո 2016 ճանապարհը, յուրաքանչյուրի համար կազմել համալիր ծրագրեր: Հասկանալի է, որ ծախսերը շատ են, իսկ որոշ ֆեդերացիաների միջոցները՝ սուղ: Ուստի, ՀԱՕԿ-ը դրանց բոլոր լրացուցիչ ծախսերը վերցնում է իր վրա՝ ուսումնամարզական հավաքներից, միջազգային մրցաշարերից սկսած, ընդհուպ մինչեւ Եվրոպայի առաջնություն»:

Խոսելով սերնդափոխության մասին՝ պարոն Ռոստոմյանը ծանրամարտի օրինակով ասաց, որ դա օրինաչափ գործընթաց է եւ մեզ մոտ այն հիմնականում անցնում է նորմալ: Մասնավորապես, երիտասարդ կամ տակավին պատանի Անդրանիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը աշխարհի առաջնությունում իրենց լավ դրսեւորեցին եւ այն, որ ծանրորդը միայն անձնական քաշով է երկամարտում բրոնզե մեդալը զիջում, նշանակում է, որ նա օլիմպիական խաղերում մեդալի իրական հավակնորդ է: Նույնը՝ Իզաբելլա Յայլյանի, Սոնա Պողոսյանի մասին: Ընդ որում, Հ. Ռոստոմյանը վստահություն հայտնեց, որ հատկապես Սոնա Պողոսյանը, որ ընդամենը 17 տարեկան է, 2020 թվականի օլիմպիական խաղերում իր ծանրակշիռ խոսքն ունի ասելու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031