Կառավարության 2012թ. օգոստոսի 2-ին ընդունած համապատասխան որոշմամբ սահմանվել են «Հանգրվան» ՊՈԱԿ-ի նպատակները, որոնցից են սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի բաշխման ծառայությունների մատչելիության ապահովումը, սոցիալական տան կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը, բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց սոցիալական խնդիրների լուծմանն աջակցության կազմակերպումը և այլն: Այդ կացարաններում բնակվող անձանց սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել այդ որոշման մեջ: Այսպիսով, առաջարկվում է լուծել սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչներին աշխատանքի տեղավորման հնարավորություններ ստեղծելու հարցը` ՊՈԱԿ-ին գյուղատնտեսական բնագավառում ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու հնարավորություն տալու միջոցով: Միաժամանակ, գյուղատնտեսական բնագավառում ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված մթերքների վաճառքից ստացված միջոցներով ՊՈԱԿ-ը կհոգա նաև իրեն հանձնված գույքի վերանորոգման կարիքները: Սոցիալական տան կացարանները գտնվում են ՀՀ տարբեր մարզերում, իսկ դրանք ստացող շահառուները տարբեր սոցիալական խմբերին պատկանող անձինք են, որոնց մեծ մասը մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են:
2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, որին համապատասխան ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելը` բացառապես ակտիվ բնույթ ունեցող և գործազուրկների, այդ թվում` աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովմանը նպատակադրված պետական ծրագրերով: Մասնավորապես, զբաղվածության պետական բոլոր ծրագրերը, ներառյալ` գործազրկության նպաստը, վերաիմաստավորվել են և ներդրվել են նաև պետական կարգավորման ակտիվ նոր ծրագրեր: Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներքո գործում են պետական կարգավորման թվով 11 ակտիվ ծրագրեր: Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ առաջարկվող փոփոխությունների արդյունքում գործնականում կամբողջականացվեն և առավել կնպատակադրվեն արդեն իսկ իրավական կարգավորում ունեցող մեխանիզմներն ու գործիքները, որոնց գործադրումը բխում է զբաղվածության պետական քաղաքականության հիմնական նպատակից և սկզբունքներից: Մասնավորապես, նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնականում նպատակաուղղված են` վերջին մեկ տարվա իրավակիրառական պրակտիկայում վեր հանված խնդիրների լուծմանը` ծրագրերի արդյունավետության և հասցեականության բարձրացման նպատակով, երկու նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտ մեխանիզմների մշակմանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար քվոտայի պահանջի կատարման` ՀՀ օրենսդրության պահանջների պարզեցմանը և ամբողջականացմանը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ հաստատվել է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի (ՎԱԾ) կազմման և իրականացման կարգը: Այսպիսով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ի կազմման և դրանով նախատեսված միջոցառումներն իրականացնող մարմինների միջև համագործակցությանն առնչվող, ինչպես նաև ՎԱԾ-ում ընդգրկված վերականգնողական միջոցառումների արդյունավետության գնահատման հետ կապված հարաբերությունները: Որոշման դրույթներն ուղղված են նաև հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը խոչընդոտող խնդիրների բացահայտմանը, դրանց բացասական ներգործության հետևանքների կանխմանը կամ նվազեցմանը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության և սոցիալական կարգավիճակի վերականգնման դրական զարգացումների արդյունավետ օգտագործմանը և այլն:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ