Դեկտեմբերի 23-ին, Մարտունի քաղաքում՝ Ազգային պատկերասրահի մասնաճյուղում, տեղի ունեցավ «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումն ու «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ցուցադրությանը ներկա էին Մարտունու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղհասարակության ակտիվ անդամներ և դպրոցականներ: Ֆիլմը և ցուցահանդեսը մարտունեցիների կողմից արժանացավ դրական գնահատականի:
Ցուցահանդեսը «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:
Իսկ Հանրային լրագրության ակումբի հեղինակած ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին եւ զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաեւ ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ ցուցահանդեսի ու ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի էր ունեցել Երևանում նոյեմբերի 12-ին, որին հաջորդեցին մարզային ցուցադրությունները:
Մարտունին երրորդ մարզային քաղաքն էր, որտեղ ցուցադրվեց վավերագրական ֆիլմն ու «#electricyerevan2015»-ի լավագույն լուսանկարները: Մինչ այդ ցուցադրություն էր եղել Գյումրիում և Վանաձորում:
Ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:
Մամլո հաղորդագրություն