Արարատյան հայրապետական թեմն այս տարի շարունակելու է իրականացնել սոցիալական եւ կրթական ծրագրեր, որոնք եկեղեցական կյանքի անբաժանելի մասն են: Այս մասին այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց թեմի տեղեկատվական բաժնի համակարգող տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նա առանձնացրեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը, որի նպատակն է՝ բարձրացնել գրաբարի հանդեպ դպրոցականների հետաքրքրվածությունը: «Զուգահեռ, վերապատրաստվել են ուսուցիչները: Օրերս էլ Ծաղկաձորում տեղի ունեցավ հերթական վերապատրաստումը: Իրականացրել ենք նաեւ «Արարատյան քննարկումներ» շարքը՝ բարձրաձայնելով սոցիալական, հոգեւոր, մշակութային բազմաթիվ խնդիրներ: Մյուս կարեւոր ծրագիրը Աստվածաշնչի հեռավար ուսուցման դասընթացներն են»,-ամփոփելով տարին՝ ասաց Տեր Եսային:
Նա փաստեց, որ հագեցած էին բանակին ուղղված ծրագրերը: «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրով 50 միլիոն դրամ բաշխվեց 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի զինհաշմանդամներին եւ շփման գծում զոհվածների ընտանիքներին: «Ենթադրվում է, որ ծրագիրը շարունակական է, քանի որ բոլորին միանգամից ընդգրկել հնարավոր չէ: Զուգահեռ, թեմի տարբեր համայնքներ բարեգործական-սոցիալական ծրագրեր են իրականացրել: Արարատի մարզի համայնքները բերքով օգնել են զորամասերին: Հոգեւորականներն այցելել են զինհաշմանդամների ընտանիքներ, որոնց տրվում է նաեւ նյութական աջակցություն: Այդ ընտանիքները նաեւ հոգեւոր խնամքի ներքո են եւ համայնքի ուշադրության կենտրոնում»,-եզրափակեց հոգեւորականը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ