Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Աշոտ Մանուչարյանը հիմա հիշեց քսանամյա վաղեմության խոսակցությունը

Դեկտեմբեր 24,2015 14:37

«Ես երբեւիցե սուտ չեմ խոսել»,- այսօր «Նոյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը` հակադարձելով Վազգեն Սարգսյանի եղբորը` Արամ Սարգսյանին:

Օրեր առաջ, մի հարցազրույցում, Աշոտ Մանուչարյանը համեմատականներ էր անցկացրել ներկայիս եւ մոտ երկու տասնամյակ առաջվա իրողությունների միջեւ ու մի ուշագրավ դեպք էր պատմել. «1998-ին, երբ Սերժ Սարգսյանը զբաղված էր իշխանափոխությամբ, այն ժամանակ Վազգեն Սարգսյանը մի օր առավոտյան ինձ տեղեկացրեց, որ իր հանդեպ սպանություն է նախապատրաստվում և ասաց, որ կազմակերպիչը Վանո Սիրադեղյանն է: Ասացի՝ ամենահեշտ չեզոքացումը վտանգի մամուլի ասուլիսն է, հրավիրենք, այդ մասին հայտնիր: Նա պատասխանեց, թե Վանոն ընկերս է, երկիրն էլ հարվածի տակ դնել չեմ կարող: Ասաց՝ ես նրա հետ կխոսեմ: Գնաց, խոսեց Վանոյի հետ, նա հավաստիացրել էր, որ նման բան չկա»:

Երեկ, Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով Աշոտ Մանուչարյանին, Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանն ասել էր . «Բացարձակ անհավանական եմ համարում ու հեքիաթ: Վանոն Վազգենի ընկերն է եղել թե′ պաշտոնի ժամանակ, թե′ պաշտոնից հետո: Հոկտեմբերի 27-ից հետո ամենաշատը մեր տուն եկող-գնացողը մարդն էր Վանոն: Նա իմ չափ ծանր է տարել Վազգենի ողբերգությունը, ամեն երեկո իմ մոր հետ է եղել»: Արամ Սարգսյանը նաեւ տարակուսել էր. «Չգիտեմ՝ ինչ է պատմում, ինչի համար է պատմում Աշոտ Մանուչարյանը, բայց դա բացառված բան է»:

Աշոտ Մանուչարյանը բացատրում է, թե ինչո՞ւ է այսօր պատմել այդ խոսակցության մասին. «Սարգսյանները կարող էին մեկը մյուսից օրինակ վերցնել. ինչպես ընկերներ էին Վանոն ու Վազգենը, նույնպիսի ընկերներ էին Սերժը, Սեյրան Օհանյանը եւ Վահան Շիրխանյանը: Ի՞նչ կնճիռներ են առաջացել, ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ ստեղծվել… իրենք կարող էին այլ ձեւով լուծել: Այդ օրինակով ես ուղղակի ելքն էի հուշում»:

Արամ Սարգսյանի այն դիտարկմանն էլ, որ Վազգենը կարող էր պատկան կառույցներին դիմել, Աշոտ Մանուչարյանը պատասխանում է. «Վազգեն Սարգսյանը պետական պաշտոնյա էր եւ ակնհայտ է, որ այդ ծառայություններից որեւէ մեկն էր իրեն հայտնել տեղեկությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031