Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ կառավարության աշխատակցի՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է արձանագրվել

Դեկտեմբեր 24,2015 15:37

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումները կազմել են մոտ 296 մլն դոլար, որը գերազանցել է նախորդ տարվա ներդրումների արդյունքները մոտ 80 մլն դոլարով:

«Հարկ է նշել, որ ուղղակի օտարերկրյա ներդրումները աճել են, կազմել են 260 մլն»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ներդրումներ անող երկրներն են՝ հիմնականում Շվեյցարիան. Գերմանիան, Լյուքսենբուրգը, Հոլանդիան, Ֆրանսիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ այլն, իսկ ոլորտները՝

հանքագործությունը, էներգետիկան, մշակող արդյունաբերությունը, մանրածախ եւ մեծածախ առեւտուրը, տեղեկատվությունը, կապը եւ գյուղատնտեսությունը:

Ըստ բանախոսի 2015 թվականի ընթացքում անկախության տարիներից ի վեր առաջին անգամ ընդունվել է Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հայեցակարգը կառավարության կողմից: «Անկախության տարիներին երբևիցե չի եղել համապարփակ ներդրումային քաղաքականություն եւ մենք այդ բացը լրացրեցինք,- ասաց նա՝ նշելով, որ հայեցակարգում ոչ միայն նշված են ներդրումային քաղաքականությանը խթանելուն ուղղված քայլերն ու ուղղությունները, այլ նաեւ ներկայացված են դրանց համար նախատեսվող միջոցառումները:

«Մենք պետք է բարելավենք օրենսդրական դաշտը եւ պետք է միջոցառումներ ձեռնարկենք ներդրումները խթանելու համար: Սկսվել են երեք օրենքները վերանայելուն եւ նոր խմբագրության իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, դրանք «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքն է, «Ազատ տնտեսական մրցակցության մասին» օրենքն է եւ Պետություն մասնավոր համագործակցությանը վերաբերող օրենքը»:

Պարոն Լալայանն այս տարվա բարեփոխումներից համարեց հայաստանյան գործարաններին մաքսատուրքից ազատելու արտոնությունը:

«Մեր գործարանների համար շատ բարենպաստ արտոնություն սահմանեցինք, որով ներդրումային ծրագրերի շրջանակում գործարանները կարող են ազատվել մաքսատուրքի վճարումից: Արդեն իսկ մենք չորս ընկերության աջակցել ենք, որպեսզի իրենք ստանան մաքսատուրքի ազատում:

Այս արտոնությունն այնքանով է մեզ ձեռնտու, որ անմիջականորեն մեծ ազդեցություն մեր պետբյուջեի վրա չեն ունենում, քանի որ խոսքը գնում է մաքսատուրքի մասին»,- ասաց նա:

Ըստ նրա՝ սկսել է արդյունավետ գործել Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը, որը խթանում է արտահանողներին: Վահագն Լալայանը կարեւոր համագործակցություն համարեց Եվրամիության հետ համագործակցության պայմանագիրը, որը պետք է խթանի ներդրումային քաղաքականության ճիշտ մշակմանը:

Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ միջոցառումների, համաժողովների ու քննարկումների են մասնակցել, որոնք պետք է դեր խաղան օտարերկրացիներին գրավելու հարցում:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031