«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, նախկին բարձրաստիճան պաշտոնյա Աշոտ Մանուչարյանին զարմացրել է, որ ԱԱԾ լրատվականից է պատասխան հնչել` Վահան Շիրխանյանի ձերբակալման առիթով իր արտահայտած տեսակետին: «Դրանք երկրի քաղաքական ղեկավարությանն էին ուղղված եւ գնահատականները եւ ելքերը: Կհասկանայի, որ ՀՀԿ-ից պատասխան գար: Կարծում եմ, որ այդ ղեկավարության կողմից էլ գրված է պատասխանն, ուղղակի ստորագրված է ԱԱԾ-ի անունով»,- այսօր «Նոյան տապան» մամուլի սրահում ասաց Աշոտ Մանուչարյանը:
Հիշեցնենք, www.1-in.am-ին տված հարցազրույցում, Աշոտ Մանուչարյանն այս ծայրագույն իրավիճակում Սահմանադրության անցկացումը գնահատել էր, որպես երկրին ուղղված քայքայիչ գործողություն ու ասել էր, որ պետք է խուսափել նման բաներից: Նա անընդունելի էր համարել նաեւ, որ սահմաններում նորակոչիկներն են դիվերսիոն խմբերի դեմ կռվում: Առաջարկել էր, որ պետական գերատեսչությունների շռայլ ծախսերի ու գործուղումների գումարներն ուղղվեն պայմանագրային ծառայողների ներգրավմանը:
Անրադառնալով արդեն վերջերս ձերբակալված «ահաբեկչական բանդային», Մանուչարյանն ասել էր, որ «բանդայի» գործունեության առիթով մամուլում հայտնվող արտահոսքերն իրեն թույլ են տալիս ենթադրել, որ կամ ԱԱԾ համակարգ գոյություն չունի, կամ էլ` այդ արտահոսքը կազմակերպված է: Ինքը հակված է հետեւյալ տեսակետին` նախագահի նստավայրից է կազմակերպված արտահոսքը, քանի որ այդ գործը ծառայեցվում է ներքին քաղաքական խնդիրներ լուծելուն:
ԱԱԾ-ն արձագանքել էր Աշոտ Մանուչարյանին, որում, մասնավորաբար, ասված էր. «Հասկանալի է, որ հասարակական բարձր հնչեղություն ունեցող այս դեպքը Աշոտ Մանուչարյանի համար սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու, իր մասին հիշեցնելու առիթ է։ Նույնիսկ այս պարագայում, խորհուրդ ենք տալիս առաջնորդվել առողջ բանականությամբ, քանզի ՀՀ օրենսդրությամբ իրենց գործառույթներն իրականացնող մարմինների գործողությունների որակումն իբրև «պետական դավաճանություն», մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում»։
Կարդացեք նաև
Աշոտ Մանուչարյանն այսօր ասուլիսում հայտարարեց. «Մի պրոֆեսիոնալ հարց ոլորտի պրոֆեսիոնալներին`ո՞ր պահից է Արթուր Վարդանյանի օպերատիվ սպասարկումը սկսվել: Երբ այս հարցի պատասխանը լինի, գործի ողջ տրամաբանությունը պարզ կլինի»: Դատելով առկա տեղեկատվությունից, Մանուչարյանն ասում է, որ «չխկչըխկան, դխկդըխկան» օպերացիայի հետ ենք գործ ունեցել: Նա մասնագիտորեն փորձեց ներկայացնել, որ նման «ցածր մակարդակով կազմակերպված գործը» պրոֆեսիոնալների վերահսկողության տակ չի եղել, այլ երկրի քաղաքական ղեկավարության հանձնարարականով`այդ «բանդան» օգտագործել եւ փորձում են օգտագործել իբրեւ քաղաքական վերահսկողության եւ ճնշման գործիք:
Լրագրողներից մեկը նկատեց`գործով ձերբակալված պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանությամբ միայն Աշոտ Մանուչարյանը հանդես եկավ ու հարցրեց` կգա՞ն ձեր ետեւից: «Միայն Սերժ Սարգսյանից հետո»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Դիտարկմանը, որ «հոկտեմբերի 27»-ի գործով էլ շրջանառվեց Վահան Շիրխանյանի անունը, Աշոտ Մանուչարյանը հակադարձեց. «Ես գուշակ չեմ, որ իմանամ, թե Վահան Շիրխանյանը որ պահին եւ ինչո՞վ է զբաղվել: Բայց տրամաբանությանը երբ նայում եմ, կասկած է առաջանում բոլորի մասնակցության մասով, ոչ միայն Շիրխանյանի: Ողջ քաղաքական դաշտում պտտել են, ինչպես Նաիրի Հունանյանն էր պտտվել այն ժամանակ: Փառք Աստծո, մարդկանց բանականությունն ու խիղճն այն ժամանակ բավարարեց եւ չգնացին այդ ճանապարհով, այլապես շատ բարդ իրավիճակ կստեղծվեր»:
Աշոտ Մանուչարյանին, ի դեպ, զարմացնում է, որ ՊՆ մամուլի խոսնակն է խոսում հիբրիդային պատերազմից, երբ ամբողջ երկիրը պետք է մոբիլիզացվի `այս բարդագույն իրավիճակին դիմագրավելու համար: «Անսահման գողությունների շղթա կա, բայց ես գողությունից չեմ խոսում»,- ասաց նա`հավելելով, որ այսօր մի կողմ պետք է դնել ամենը եւ համախմբման հարց լուծել:
Ես այս խմբի ձերբակալությանը շատ մեծ մտահոգությամբ եմ վերաբերվում:
Այստեղ բազմաթիվ հարցեր կան, որոնցից առաջինը, ինձ համար, խմբի հեշտ ու հանգիստ հանձնվելն էր այդքան զենքի առկայության դեպքում:
Ինձ մտահոգում է ենթադրվող մեղադրանքի պատճառով մարդկանց ձերբակալությունը: Հայաստանի Հանրապետությունում փորձարկվում է զանգվածային բռնությունների սցենար:
Վաղը նրանք կարող են յուրաքանչյուր մարդու ներկայացնել նման մեղադրանք և ձերբակալել ում ասես:
Հայաստանի Հանրապետության իշխանությունը ընդունված չէ հայ ժողովրդի կողմից ո’չ Հայաստանում, ո’չ էլ Սփյուռքում: Հենց այս փաստն էլ նրանց ընդունակ է դարձնում վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով պահպանել մի իշխանություն, որը ազգային խնդիրներ չունի, այլ միայն նեղ անձնական շահեր: