«Չէի ասի, որ աղանդավորների քարոզչությունը շատացել է: Ամեն անգամ, երբ Հայ առաքելական եկեղեցին ակտիվ է գործում հասարակական որեւէ ոլորտում, աղանդները դրանից ագրեսիվ են դառնում՝ ցույց տալով իրենց անզորությունը»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսելով կրոնական կառույցների այս տարվա գործունեության մասին, ասաց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նա հավաստիացրեց, որ աղանդավորները տարեցտարի հավատացյալներ են կորցնում. «Այս տարի էլ բազմաթիվ մարդկանց հետ ենք աշխատել, որոնք աղանդավորական կազմակերպություններից վերադարձել են Մայր եկեղեցի: Երբ փողոցում տեսնում ենք աղանդավորական տարբեր կառույցների ներկայացուցիչների, դա դեռ չի նշանակում, թե նրանք ակտիվ են. հաճախ մարդկանց իրենց շարքերը ներքաշելու տարբերակ չունեն եւ դուրս են գալիս փողոց՝ հոգեորսության»:
Ինչ վերաբերում է տարբեր պաշտոնյաների կանանց՝ կրոնական կառույցների անդամ լինելու մասին խոսակցություններին, տեր Եսային ասաց, որ դրանք ոչ միշտ են արժանահավատ. «Կապ չունի՝ պաշտոնյայի կին է, թե հասարակ քաղաքացի: Աղանդավորները շեշտը դնում են կանանց վրա, որովհետեւ նրանք հոգեւոր առումով ավելի զգացմունքային են, իսկ տղամարդիկ՝ ավելի զուսպ»:
Կարդացեք նաև
Հոգեւորականը նաեւ ասաց, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը հայտարարել են այս կամ այն կրոնական կառույցի անդամ լինելու մասին. «Բայց ինձ համար անհասկանալի է այդ գովազդը, երբ կրոնական կառույցը մարդուն օգտագործում է: Այսինքն, եթե այսինչ մարդը մեզ մոտ է, ուրեմն՝ եկեք մեզ մոտ: Հիմա եթե դա ձեռնտու է շոու-բիզնեսի որեւէ ներկայացուցչի, նա պետք է ինքն իրեն հարց տա՝ ես այստեղ եմ Աստծուն գտնելու համար, թե կառույցին հավատացյալներով ապահովելու»: Բանախոսը նաեւ ասաց, որ շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ մկրտվել են՝ փաստելով, որ Հայ առաքելական եկեղեցու զավակներ են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ