«Օֆշորի» հայտնի գործով դատական նիստերից մեկում վկաներից մեկը՝ Արփի Բալյանը հայտարարեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անձնագրի պատճենը, որի հիման վրա Կիպրոսում օֆշորային ընկերություն են բացել, Աշոտ Սուքիասյանին տվել է Նավասարդ Կճոյանը:
Aravot.am-ի հետ զրույցում գործով տուժող Փայլակ հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը, մեր հարցին՝ դա հիմք չի՞, որ դատավորը Կճոյանին էլ, Տիգրան Սարգսյանին էլ դատարան կանչի՝ պատասխանեց. «Նախաքննական մարմնի գործն է եղել Տիգրան Սարգսյանին ներգրավել կամ հանել գործից: Ճիշտ է, Տիգրան Սարգսյանի, Կճոյանի անունը հոլովվում է գործում եղած փաստաթղթերում, Կճոյանը հարցաքննված է նախաքննական մարմնի կողմից, կան փաստաթղթեր, որտեղ իրենք բաժնետեր են հանդես գալիս, բայց նախաքննական մարմինը պետք է գնահատական տար այդ ամեն ինչին: Ինչ վերաբերում է Կճոյանին դատարան կանչելուն, նախ պետք է ամբաստանյալի ցուցմունքին սպասենք: Ես չգիտեմ նա ինչպես ցուցմունք կտա այդ հարցի շուրջ, ինչպես կկառուցի, ով է իրեն տվել, ինքը ինքնագլուխ է տեսել, որ այնտեղ դրված է անձնագիրը, վերցրել է, չեմ կարող ասել: Վկայի եւ նրա տված ցուցմունքի միջեւ եթե հակասություն լինի՝ արդեն դատարանը դա կարող պարզել: Իսկ միայն վկայի տված ցուցմունքը ինչ-որ բան չէ: Դատարանը պետք է կարողանա դա գնահատի»:
Մեր հարցին՝ Դուք չե՞ք պատրաստվում միջնորդություն ներկայացնել եւ Նավասարդ Կճոյանին կանչել դատարան՝ հարցաքննության՝ Շալիկո Փիրուզյանը պատասխանեց. «Կճոյանն այստեղ ցուցմունք է տվել, բայց նրա ցուցմունքներում նման բան չկա, որ հարց առաջանա, պահանջենք, գա, որպես վկա հարցաքննվի: Հետո դա միայն տուժողի ցանկությունն է: Եթե նա որոշի, կարող է եւս 20-50 մարդու վկայակոչի, դատարանն էլ եթե կհարգի նրա միջնորդությունը, կբերի ու կհարցաքննի ցանկացած անձի: Կճոյանն է դա, թե ով՝ նշանակություն չունի: Եթե Կճոյանը հրավիրվի ու չգա՝ նրան բերման կենթարկեն՝ օրենքով նախատեսված կարգով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ