Լրահոս
Օրվա լրահոսը

Հավանության արժանացան Կարգավորիչ գիլյոտինի առաջարկները՝ պարզեցնելու գյուղատնտեսության, անշարժ գույքի եւ ֆինանսների ոլորտները

Դեկտեմբեր 24,2015 13:28

24 դեկտեմբերի, 2015 – Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) առաջարկները, որոնք վերաբերում են գյուղատնտեսության, անշարժ գույքի եւ ֆինանսների ոլորտները կարգավորող օրենսդրությանը: ՕԿԱԿ-ը հանդես եկավ «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի փոփոխության նախաձեռնությամբ, մասնավորապես՝ առաջարկելով լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանը սահմանել ճանաչված միջազգային կազմակերպությունների ցանկ, որոնք կարող են հավատարմագրել սերտիֆիկացման մարմիններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտում գործող կազմակերպությունները ներկայումս չեն կարող հավատարմագրվել Հավատարմագրման ազգային մարմնի կողմից, քանի որ այն չունի օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց հավատարմագրելու փորձագիտական (տեխնիկական, մասնագիտական) հնարավորություններ:

Գյուղատնտեսության ոլորտում գործող օրենսդրության մեկ այլ փոփոխությամբ առաջարկվեց թափոնների անձնագրերի համաձայնեցման գործընթացները իրականացնել 15 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայումս գործող 30-օրյա ժամկետի փոխարեն եւ սահմանել, որ լիազոր մարմինը համաձայնեցման ներկայացված անձնագրի թերի լինելու կամ անճշտությունների առկայության դեպքում անձնագիրը լիազոր մարմին մուտք լինելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հետ է վերադարձնում լրամշակման:

Առաջարկվեց նաեւ բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ ՀՀ տարածքից արտահանման թույլտվություն ստանալու համար դիմելու դեպքում լիազոր մարմին հայտի հետ միաժամանակ ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանել ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը, ինչպես նաեւ բույսերի կարանտին իրականացնող համապատասխան լիազորված մարմնի կողմից տրված թույլտվության վկայականը կամ սերտիֆիկատը, թույլտվությունների տրամադրման ժամկետը սահմանել աշխատանքային օրերով՝ 10-օրյա ժամկետը դարձնելով 7 աշխատանքային օր:

Մեկ այլ առաջարկով վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ ՀՀ տարածքից արտահանելու համար դիմելու դեպքում լիազոր մարմին հայտի հետ միաժամանակ ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանվեց ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը, թույլտվությունների տրամադրման ժամկետը սահմանվեց աշխատանքային օրերով՝ 10-օրյա ժամկետը դարձնելով 7 աշխատանքային օր, ինչպես նաեւ սահմանվեց, որ թույլտվությունները տրամադրվում են հայտատուի կողմից նշված, սակայն 1 տարուց ոչ ավել ժամկետով: Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով բնական կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրի կնքման գործընթացի ժամկետը կրճատվեց՝ 15-օրյա ժամկետը դարձնելով 10 աշխատանքային օր, սահմանվեց, որ լիազոր մարմինը հայտը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և փաստաթղթերը թերի լինելու դեպքում տեղեկացնում է հայտ ներկայացրած անձին` երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազոր մարմնի կողմից մատնանշված թերությունները, իսկ հայտը մերժելու դեպքում որոշումը կայացնելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ծանուցում է դիմում ներկայացրած անձին` նշելով մերժման հիմքերը, հնարավորություն ստեղծել հայտերը ներկայացնել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվեց Անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականները այսուհետ տրամադրել անժամկետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից որակավորվող բոլոր այլ՝ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության մասնագետները արդեն իսկ որակավորվում են անժամկետ: «Հաշվի է առնվել նաեւ այն, – ասաց ՕԿԱԿ տնօրեն Արմեն Եղիազարյանը, – որ գնահատողների որակավորման պահանջի հիմնանպատակը այդ բնագավառում բանիմաց, որակյալ մասնագետների ներգրավումն է, ինչը լիովին ապահովվում է որակավորման մեկանգամյա ստուգմամբ, միաժամանակ, գնահատողների աշխատանքների որակի նկատմամբ լիազոր մարմինը իրականացնում է հետևողական հսկողություն և ունի որակավորման վկայականի գործողության դադարեցման իրավասություն»: «Շատ կարեւոր առաջարկություն է», – արձանագրեց ՀՀ վարչապետը:

Մեկ այլ նախաձեռնությամբ առաջարկվեց փոփոխություններ կատարել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը իրավասություն տալ սահմանել ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգը, ընտրություն կատարել դրան համապատասխան առաջնային շուկայի մասնակիցների եւ պարտավորվել ապահովել դրանց չափանիշների հրապարակայնությունը: Օրենքով սահմանել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման կարգերը հաստատում է ՀՀ կառավարությունը, քանի որ փաստացի նման կարգեր կառավարության որոշմամբ հաստատվել են և գործում են, սակայն «Պետական պարտքի մասին» օրենքով նման իրավասություն տրված չէ:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մասին

ՀՀ կառավարության՝ 2011թ. հոկտեմբերի 13-ի N 1462-Ն որոշմամբ ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկը, որի հիմնական նպատակն է էականորեն կրճատել եւ պարզեցնել կարգավորում պարունակող իրավական ակտերը: Կենտրոնի գործունեությանն աջակցում են Ավստրիական զարգացման կոոպերացիայի գործառնական միավոր հանդիսացող Ավստրիական զարգացման գործակալությունը, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ Համաշխարհային բանկը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031