«Մուլտիպլիկցիայի ոլորտում ձեռքբերումները միշտ նկատելի են: Այս տարի ամփոփեցինք այն ամենը, ինչը կապված էր «Անահիտ» մուլտֆիլմի հետ: Այն ցուցադրվել է մարզերում, Արցախում՝ Շուշիում, Ստեփանակերտում, Մարտակերտում»,-այսօր «Նյութ» մամուլի ակումբում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
Նա հատկապես կարեւորեց «Անահիտ»-ի արտասահմանյան ցուցադրությունները. «Մուլտֆիլմը դիտել են ֆրանսիական չորս քաղաքներում: Մեզ հետաքրքիր էր սփյուռքահայության կարծիքը ֆիլմի վերաբերյալ: Շատ լավ ընդունվեց: Նախատեսում ենք այն թարգմանել ֆրանսերեն»:
Սահակյանցը տեղեկացրեց, որ դեռեւս «Անահիտն» ավարտելու ընթացքում նոր նախագիծ է սկսվել. «Ստեղծվելու է Վարազդատ արքայի օլիմպիական հաղթանակի մասին անիմացիոն ֆիլմ: Այն լույս կտեսնի երեք տարուց: Հիմքում՝ Վրթանես Փափազյանի հեքիաթն է»:
Բանախոսը հայտնեց, որ Վարդանանց 30 հասցեում գործելու է մուլտիպլիկացիայի կենտրոն: Այն պետք է աշխատեր սեպտեմբերից, բայց դասընթացները դեռ չեն սկսվել՝ ֆինանսավորման խնդիր կա. «Կգործի նաեւ մանկական անիմացիոն ստուդիա, որտեղ երեխաները կնկարեն սեփական ֆիլմերը: Նախատեսում ենք գործարկել նաեւ ցուցադրությունների դահլիճ»:
Կարդացեք նաև
Մուլտիպլիկատորը դժվարացավ գնահատել, թե անիմացիոն ոլորտն ինչպես է զարգանում. «Գուցե կարճամետրաժ ֆիլմերի ձևաչափը դժվար է տարածել: Լիամետրաժը կարող է կինոթատրոն մտնել, իսկ կարճամետրաժը հեռուստաընկերություն մտցնելը հեշտ չէ: Մենք անգամ պատրաստ ենք որոշակի ֆիլմեր անվճար տրամադրել հեռուստաընկերություններին՝ ցուցադրելու նպատակով: Մյուս ֆիլմերի հեղինակային իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային կինոկենտրոնին»:
Դավիթ Սահակյանցի համոզմամբ՝ ոլորտի զարգացման համար խոշոր ֆինանսավորում է անհրաժեշտ: Միայն այդ դեպքում կավելանա ստուդիաների եւ անիմացիայով զբաղվողների թիվը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ