Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած Ազատամարտիկների Դաշինքի վարչության նիստում, մի շարք հարցերի հետ միասին, քննարկվեց նաև դաշինքի համակարգող խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանի դեմ կատարված, մեր համոզմամբ, մահափորձի դեպքով հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ հարցը:
Վարչության անդամները նշեցին, որ Սմբատ Հակոբյանի կողմից սույն գործով, որպես պատվիրատու մատնանշված Ռուբեն Հայրապետյանը, մինչ այժմ նույնիսկ որպես կասկածյալ չի ներգրավված: Խափանման միջոցի փոփոխմամբ, ազատ են արձակվել նախկինում կալանավորված, պատվերը կատարողները: Նկատի ունենալով գործի բացահայտման նման ընթացքը ԱԴ փաստում է, որ մինչ այժմ մեր կողմից իրավապահ մարմինների անաչառ, ազատ և օբյեկտիվ քննություն իրականացնելու վերաբերյալ անվստահության մասին հայտարարությունները հիմնավոր են: Ավելին, մենք համոզվեցինք, որ այս և նմանատիպ մյուս հանցագործությունները, որոնք չեն բացահայտվել, տեղի են ունեցել և ունենում են իշխանությունների գիտությամբ ու հովանավորությամբ: Սա արդարացնում ու հիմնավորում է նաև մեր մարտական ընկերների նկատմամբ նախկինում կատարված բռնարարքների մասին իրավապահ մարմիններին չդիմելու որոշումը: Մենք մեր նախկին հայտարարություններում բազմիցս նշել ենք, որ այս գործի լիարժեք չբացահայտելը խոսուն ապացույց կլինի իշխանությունների կողմից հովանավորության և կոծկելու: Ուստի մենք հայտարարում ենք, որ մեզ համար ի սկզբանե, կատարողները չեն եղել թիրախ, քանզի այդպիսի խամաճիկներ միշտ էլ կճարվեն, այլ նրանց պատվիրատուներն ու հովանավորները:
Գործի հետագա ընթացքի պատասխանատվությունը, որպես հովանավորի մնում է իշխանությունների վրա:
Կարդացեք նաև
«Ազատամարտիկների Դաշինքի» վարչություն