Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. «ՀՀ նախագահի ելույթը մեր հասարակության ճնշող մեծամասնության համար սպասված խոսք էր». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 24,2015 11:51

Հարցազրույց «Ինտեգրացիա եւ զարգացում» հկ նախագահ, քաղաքագետ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ

  -Նախագահ Սերժ Սարգսյանը խստորեն քննադատեց ՀԱՊԿ-ին` քողազերծելով այն իրականությունը, որն առկա է կառույցում` գործընկերային շահերի չգիտակցում, միջազգային կառույցներում միմյանց դեմ աշխատելու ունակություն։ Արդյոք սա ենթադրո՞ւմ է նոր իրավիճակ ՀԱՊԿ-ՀՀ հարաբերություններում:

-Ամենեւին: Հայաստանը ՀԱՊԿ-ին նվիրված, հավատարիմ, մշտապես կառուցողական դիրքերից հանդես եկող երկիր է: Իսկ Հայաստանի նախագահի ելույթը մեր հասարակության ճնշող մեծամասնության համար սպասված խոսք էր:

ԼՂՀ անկախության ու անվտանգության երաշխավորը միայն Հայաստանն է, սա մեր ժողովրդի կենսունակության խնդիրն է ու մեր պետականության ամենամեծ փորձաքարը: Ու եթե մենք այս հարցում կատարյալ չենք, եթե թերանում ենք ԼՂՀ անվտանգությունն ու խաղաղությունը, նրա տարածքային ամբողջականությունը, նրա փաստացի անկախությունը պահպանելու հարցում, ուրեմն կատարյալ պետություն չենք:

Բայց սրա հետ մեկտեղ մեր հասարակությունը տեւական ժամանակ տարակուսանքի մեջ է. ուզում ենք հասկանալ՝ եթե Ադրբեջանը պետք է միակողմանիորեն ու անդադար սադրանքներ իրականացնի սահմանին, նորանոր ձեւեր գտնի՝ փորձելու մեր դիմադրողականությունը, վճռական կեցվածքը, նրա քայլերի արդյունքում զոհվեն մեր զինվորները, ապա բնական է, որ հայ հասարակությունը ուզում է հասկանալ՝ ունե՞նք դաշնակիցներ, թե՞ չունենք, ո՞վ է մեզ հետ պատրաստ մինչեւ վերջ կանգնել դաշնակցային դիրքերում:

Նախագահի ելույթը ահազանգ էր՝ ուղղված ՀԱՊԿ-ի դաշնակիցներին հիշեցնելու ամենակարեւորը` իրենց դաշնային պարտավորությունները:

  -Իսկ այն, որ ՀԱՊԿ-ում նման մթնոլորտ է, չի՞ վկայում, որ սա գործընկերային շահերը չգիտակցող, միասնական կազմակերպություն չէ, այլ ընդամենը մի քանի երկրների եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ պայմանավորվածությունների հեռանկար չունեցող հարթակ։

-Պետք է հասկանանք, որ Ռուսաստանը հետխորհրդային տարածքի մի մասի վրա ունի մեծ ազդեցություն, եւ այդ տարածքում նրա՝ որպես լոկոմոտիվ պետության ռազմաքաղաքական հետաքրքրություններն ու շահերն ակնհայտ են:

ՀԱՊԿ-ն Ռուսաստանի գլխավորած ռազմաքաղաքական ալյանսն է, եւ այն որպես այդպիսին շատ կենսունակ կառույց է: ՀԱՊԿ-ն որպես տարածաշրջանային տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական շահեր պաշտպանող ռազմաքաղաքական կառույց, մեծ հեռանկար ունի:

Ավելին, ԵԱՏՄ ստեղծումից հետո ՀԱՊԿ-ն մի նոր իմաստ ստացավ. եթե ԵԱՏՄ-ն տարածաշրջանային տնտեսական ալյանս է, ապա ՀԱՊԿ-ն այդ ալյանսը պահպանող ռազմաքաղաքական կառույցն է: Իսկ այն, որ նրանում, ինչպես ասացիք, չկա միասնականության գիտակցում, դրա ուղղությամբ պետք է աշխատել: Անդամ երկրներից որեւէ մեկի ղեկավարը պե՞տք է այդ մասին բարձրաձայներ, որ մյուսները սթափվեին:

  -Եվ այդ մեկը եղավ Հայաստանի նախագա՞հը:

-Այո, խոսքը հնչեց, որպեսզի դրա մասին հետայսու սկսեն ավելի պարզ ու անթաքույց խոսել: Եթե այն մտահոգությունները, ինչի մասին բարձրաձայնեց նախագահը, մշտապես բարձրաձայնի Ռուսաստանը, ապա մյուս երկրներում կարող է տպավորություն ստեղծվել, թե ՌԴ-ն ունի կայսերապաշտական նկրտումներ: Բայց իրականում այդպես չէ, կա ընդհանուր տարածքային մտածողության ձեւավորման խնդիր: Այդ մտածողությունն այսօր ՀԱՊԿ-ում չկա, բայց կասկած չունեմ, որ վաղը լինելու է:

Հետեւաբար Հայաստանի նախագահի ելույթը կոչ էր՝ ուղղված ՀԱՊԿ դաշնակիցներին` լուրջ խոսակցություն ու քննարկում սկսելու, թե իրենք ինչպես են պատկերացնում իրենց հետագա անդամակցությունը` կառույցի զարգացմանն համընթաց: Նախագահի ելույթը շատ օգտակար էր, արձագանքները մենք դեռ լսելու ենք:

 

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031