Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Նրանց յուրաքանչյուր ելույթը, ամբիոնին մոտենալը փող է». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 24,2015 11:01

Քաղաքական տարվա հիմնական իրադարձությունների խճանկարը, մեր հարցերին ի պատասխան, ամփոփում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

 -Հավատո՞ւմ եք, որ 2016թ. կհաջողվի անել այն, ինչը ոչ մի կերպ չէր հաջողվում նախորդ տարիներին՝ կառուցողական քննարկումների դաշտ բերել իշխանության ցանկացած նախաձեռնություն «չորով» մերժող ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը»։

-Ուշադրություն դարձրե՞լ եք, որ այդ ուժերը փոքրամասնություն են իրենց խմբակցություններում։ Այնտեղ կան մարդիկ, որոնք բացարձակապես օտարված են խմբակցության մյուս անդամներից։ Կարծում եմ՝ օտարված են նաեւ ժողովրդից, եւ ինչպիսի իդեալական նախագիծ էլ ներկայացնենք, շահարկումներն անխուսափելի են։ Բայց եթե տուրք տանք այդ մի քանի տասնյակ մարդկանց հավակնություններին, բավական լուրջ խնդիր կունենանք։

70-ական թվականներին ակադեմիկոս Վլադիմիր Լեոնտեւը տնտեսական ֆորում էր նախաձեռնել, որ բավական լուրջ արձագանք էր ստացել, եւ երբ նրան հարցրել էին՝ ովքե՞ր են ներգրավված ձեր խմբում, պատասխանել էր՝ մաթեմատիկոսներ, տնտեսագետներ եւ մի հիմար։ Երբ զարմացել էին, թե՝ ո՞վ է այդ հիմարը, ասել էր՝ կարեւոր չէ, թե ով է, կարեւորը՝ որ նա բարձրացնում է հարցեր, իսկ մաթեմատիկոսները եւ տնտեսագետները փորձում են դուրս գալ դրանց տակից։

Ի՞նչ եմ ուզում ասել. ցանկացած գործում կլինեն «հիմարներ»՝ անհատներ կամ մարդկային խմբեր, որոնք կփորձեն իրենց հիմար հարցադրումներով, ապատեղեկատվություն տարածելով, մրոտելով ընդդիմախոսներին, ստվեր նետել քաղաքական գործընթացների վրա՝ պղտոր ջրում ձուկ որսալու ակնկալիքով։ Դա անում են այն մարդիկ, որոնք լավ գիտեն՝ սահմանադրական ճանապարհով իրենք այս երկրում անելիք չունեն, գաղափարապես սնանկ են, չունեն մարդկային ռեսուրս, բայց ունեն մեծ ախորժակներ եւ մեծ հավակնություններ։

Եվրոպական պառլամենտում հետաքրքիր դրվածք կա՝ երբ քարտով մտնում ես ներս, դա արդեն փող է, հանձնաժողովի նիստին մասնակցելը փող է, ելույթները առանձին գումար են՝ պետականորեն սահմանված։ Որոշ «քաղաքական գործիչների» վերջին ելույթներին հետեւելով՝ սկսում եմ հասկանալ, որ նրանց յուրաքանչյուր ելույթը, ամբիոնին մոտենալը փող է։ Չգիտեմ՝ որտեղից է ֆինանսավորումը, բայց կարելի՞ է 6 ամիս շարունակ ցանկացած օրենքի քննարկման ժամանակ նույն բառերը, նույն նախադասությունները հետուառաջ տանելով՝ անընդհատ կրկնել, գրկել ամբիոնը եւ խոսել, խոսել։ Միակ տրամաբանական եզրակացությունն այն է, որ այդ րոպեները փող արժեն։

Փառք Աստծո, կան կառուցողական քաղաքական ուժեր, որոնք մտահոգ են երկրի ապագայով եւ ուզում են աշխատել, քննադատում են բացթողումները, բայց բացասականի կողքին նաեւ դրականն են տեսնում, եւ մենք հաշվի ենք նստում նրանց տեսակետների հետ։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031