Գոռ Վահանի Օհանյանը դեկտեմբերի 24-ին կդառնար 23 տարեկան
Ավագ լեյտենանտը դեկտեմբերի 17-ի գիշերը ազերիների դիվերսիոն հարձակման ժամանակ մարտական դիրքերում էր, շարքայինների կողքին: Նա Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրաձգային դասակի հրամանատարն էր:
Ծնվել էր Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում, մանկավարժ-հողագործի ընտանիքում:
Ավարտել էր տեղի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցը: 2009-2013թթ. ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա:
Ավարտելուց հետո էլ 2013թ. մեկնել էր ծառայության:
Կարդացեք նաև
Ծառայության ընթացքում հասցրել էր աչքի ընկնել իր կամային բարձր հատկություններով, հայրենասիրությամբ, արժանացել էր պարգեւների:
Երազում էր գնալ մորեղբոր՝ Վարդան Փրվեյանի ուղիով. զբաղվել ռազմական գործունեությամբ, լինել օգտակար հայրենիքին:
Ի դեպ, երկու օր առաջ էլ 1997թ.-ին Հորադիզում մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված մորեղբոր ծննդյան օրն էր:
Հարազատները ասում են, որ ընտանիքի ավագ որդին էր Գոռը, փոքրուց էլ կազմակերպված էր, գրագետ, չափից դուրս խելացի, գաղտնապահ, համագյուղացիների, ընկերների սերն ու պարծանքն էր:
«Առավոտ» օրաթերթ
24.12..2015