Նաիրա Զոհրաբյանը պահանջում է ցմահ
ազատազրկվածների հանդեպ տարբերակված մոտեցում ունենալ
Երեկ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այցելել էր ցմահ ազատազրկվածներին: Նա «Առավոտի» հետ զրույցում կիսեց իր տպավորությունները՝ մատնանշելով մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
Պատգամավորի խոսքերով՝ բազմաթիվ գործեր պետք է վերանայել, խոսքը հատկապես բանակում կատարված սպանությունների մասին է: Հայաստանում կա 94 ցմահ ազատազրկված, նրանցից 14-ը դատապարտված են բանակում կատարված սպանությունների համար. «Ես այս տարիների ընթացքում իրենց բոլորի հետ թե՛ որպես լրագրող, թե՛ որպես պատգամավոր պարբերաբար հանդիպել եմ, իրենց գործերն իսկապես վերանայման կարիք ունեն, որովհետեւ շատ դեպքերում զինվորը գնացել է այդ քայլին, որովհետեւ նվաստացրել են, իր արժանապատվությունը վիրավորել են: Նրանցից շատերն արդեն 20 տարի նստած են: Բանակի գործերը պետք է հստակ տարբերվեն բազմակի կատարված հանցագործություններից, այն դեպքերից, երբ ընտանիք են մորթել»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ցմահ ազատազրկվածները բողոքել են, որ չի գործում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը. «Օրենսդրորեն սահմանված է, որ 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտվածը կարող է պայմանական ազատվել: Հացադուլավորներից 10-ը այդ շեմը հաղթահարել է, 20 տարուց ավելի է՝ նստած են, բայց որեւէ մեկի նկատմամբ պայմանական ազատումը չի կիրառվել: Օրինակ՝ Օգաննեսյան Կարեն Վալերիկի՝ Միացյալ Նահանգներում լսել է հայերենով օգնություն կանչող, բղավող ձայն, մոտեցել, տեսել է, որ երկու մեքսիկացի բռնաբարում են հայ աղջկա, եւ երկուսին էլ տեղում գնդակահարել է: Հիմա արդեն 21-րդ տարին է՝ նստած է, տեղափոխվել է՝ պատիժը կրելու Հայաստանում ու պայմանական չի ազատվում»:
Կարդացեք նաև
ԱԺ գարնանային նստաշրջանում քննարկվելու է Քրեական նոր օրենսգիրքը, եւ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ամեն ինչ կանի, որ բանակում սպանությունների եւ բազմաթիվ այլ խնդիրներ լուծում ստանան՝ հաշվի առնելով նաեւ տուժողների կարծիքը: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքը հանդիպել է ոչ միայն ցմահ դատապարտվածների հարազատների, այլեւ զոհերի հարազատների հետ. «Մենք պետք է նաեւ իրենց հետ հաշվի նստենք, որովհետեւ չեմ թաքցնում՝ ես հանդիպել եմ զոհերի այն հարազատների հետ, որոնց ողջ ընտանիքը մորթել, կտրտել եւ պարկերում է տեղավորել: Այդ հարազատն, օրինակ, ասում էր, որ եթե տվյալ դատապարտյալն ազատ արձակվի նույնիսկ երկար տարիներ պատիժը կրելուց հետո, միեւնույն է՝ իրենք են հաշվեհարդար տեսնելու նրա հետ: Այսինքն՝ խնդիրը շատ նուրբ է, զգայուն է, մենք պետք է շատ զգույշ մոտենանք այդ խնդրին եւ կարողանանք ցմահ դատապարտվածի յուրաքանչյուր գործ նայել տարբերակված՝ առանձին-առանձին: Նույնիսկ բանակում կատարված սպանության 14 դեպքերը տարբերակված մոտեցում են պահանջում: Ինձ համար դրանք անհամեմատելի են: Ես երբեւէ կողմ չեմ լինի, որ 6 հոգի մորթած կամ երեխայի հանդեպ սեռական ոտնձգություն եւ սպանություն կատարածի հանդեպ որեւէ մեղմացում լինի: Թող ինձ մեղադրեն եվրոպական կառույցները, թող ով ուզում է՝ ինձ մեղադրի: Ես երբեք դրան չեմ կարող կողմ լինել: Բայց որ բանակում կատարված դեպքերը, երբ զինվորի արժանապատվությունը նվաստացրել է հրամանատարը կամ իր ծառայակիցը, եւ նա հաշվեհարդար է տեսել, փորձել է իր արժանապատվությունը պաշտպանել, այդ գործերում մոտեցումը պետք է այլ լինի: Դեպքեր կան, երբ մարդը դատապարտված է սպանության համար, բայց անգամ դիակ չկա»:
Բազմաթիվ կալանավորներ չունեն անձնագրեր: Պատգամավորի խոսքերով՝ «Ասում են՝ պետք է շրջիկ լուսանկարիչ գա, որ նրանց նկարի, անձնագիր հանեն: 6 տարում «Նուբարաշեն» քրեակատարողականում չե՞ն կարողանում մի լուսանկարիչ բերել, որ նկարի: Համառորեն տարիներ շարունակ այդ խնդիրները չեն լուծվում»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ արդարադատության նախարարի՝ Արփինե Հովհաննիսյանի հետ քննարկել են խնդիրները, եւ պատրաստակամություն է տեսնում նրա կողմից՝ բոլոր խնդիրներին միջազգային կոնվենցիաներին, քաղաքակիրթ երկրների փորձին համահունչ լուծումներ գտնելու:
ԲՀԿ ղեկավարը վստահեցրեց, որ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ՝ ականջի հետեւ չի գցելու այս խնդիրները, ամեն ինչ անելու է, որ լուծվեն դրանք:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.12..2015