«Չկա չարիք առանց բարիքի». կորցնելով ռուսական շուկան`ը ստիպված եղան ավելի հուսալի շուկաներ գտնել
Չնայած արտաքին շուկաներում տեղի ունեցող բացասական գործընթացներին, մասնավորաբար, տարածաշրջանի երկրների տնտեսական վիճակին՝ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտահանումների ծավալը կազմել է ավելի քան 1 մլրդ 223 մլն դոլար, ինչը 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 2,2 տոկոսով: Ստացվում է, որ չնայած 2015 թվականի ընթացքում եղած դժվարություններին՝ հայկական կազմակերպությունները, միեւնույն է, կարողացել են գրեթե նույնքան ծավալի արտադրանք արտահանել, որքան նախորդ տարում: Հիշեցնենք, որ նույն պաշտոնական տվյալների համաձայն՝ հիմնական գործընկեր երկրների հետ չհաջողվեց պահպանել Հայաստանի արտահանման նույնիսկ նախորդ տարվա մակարդակը։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանին, որտեղ հայկական ապրանքների արտահանումը կրճատվեց գրեթե 30 տոկոսով՝ պայմանավորված մի կողմից՝ ռուբլու արժեզրկմամբ, մյուս կողմից՝ հասարակության գնողունակության անկմամբ։ Ի հակակշիռ սրա, հայ գործարարները, փաստորեն, ստիպված են եղել շուկաներ նվաճել մեզ համար թերեւս բավական էկզոտիկ երկրներում` Ճապոնիա, Շվեյցարիա, Իրաք եւ այլն: Այսպես, ԱՎԾ տվյալներով՝ անցյալ տարի բավական լուրջ աճ գրանցվեց Շվեյցարիայի հետ հարաբերություններում. արտահանումը գերազանցեց 34 մլն դոլարը՝ ավելանալով գրեթե 3 անգամ։ Գրեթե 3 անգամով նախորդ տարվա ցուցանիշը գերազանցեց հայկական ապրանքների արտահանումը Ճապոնիա։ Թեեւ այն դեռեւս շատ մեծ ծավալ չի կազմում, բայց, մասնագետների կարծիքով, որոշակի հիմքեր են ստեղծվել հետագա տարիներին այս շուկայում ավելի մեծ մասնակցություն ունենալու համար։ Առաջընթացներ կան չինական շուկայում. տարվա առաջին տասը ամիսներին արտահանումը Չինաստան ավելացավ շուրջ 10 տոկոսով՝ հասնելով 145 մլն դոլարի։ Հետաքրքիր է, որ վերջին երեք տարիներին Իրաքը դարձել է հայկական ծխախոտի իրացման շուկա. արտահանումը Իրաք ավելացել է 64 տոկոսով՝ գերազանցելով 102 մլն դոլարը։ Հայաստանն Իրաքի հետ ուներ արտահանման զրոյական մակարդակ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանից Իրաք արտահանումների ծավալը ընդհանուրի 8,4 տոկոսն է։ Ստացվում է՝ Իրաքը Հայաստանի արտահանման չորրորդ խոշոր գործընկերն է՝ Ռուսաստանից, Գերմանիայից եւ Չինաստանից հետո։ 2015թ.-ին ավելացել է դեպի այլ երկրներ արտահանումը` կազմելով 52,5%, այն դեպքում, երբ 2014-ին նույն ցուցանիշը եղել է 46,8%: Այլ երկրների ցանկում տեղ են զբաղեցնում նաեւ Բրազիլիան եւ հարեւան Վրաստանը:
«Դատելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից՝ 2015 թվականի առաջին տասը ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրաշրջանառության կառուցվածքը որոշակի վերափոխումների է ենթարկվել»,- «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով ԱՎԾ տվյալները՝ ասաց Մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը` շեշտադրելով, որ ընդհանուր արտահանման ծավալներում նվազել է ԱՊՀ երկրների մասնաբաժինը. «2015 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման 17,4%-ը, այն դեպքում, երբ 2014-ի համադրելի ցուցանիշը կազմել է 23,4%: Սա առավելապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալների կրճատմամբ: Նվազել է նաեւ արտահանումը դեպի Ուկրաինա, ինչը կարելի է կապել այդ երկրի տնտեսական ծանր վիճակի հետ՝ Ուկրաինան տարին ամփոփում է մեծ տնտեսական անկմամբ»: Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԵՄ երկրների մասնաբաժինը 2015 թվականի արտահանման մեջ գրեթե չի փոխվել: Առանձին երկրների մասով որոշակի փոփոխություններ կան, բայց ընդհանուր մասնաբաժնի տեսանկյունից 2015 թվականին ԵՄ երկրներին բաժին է ընկել մեր արտահանման 30,1%-ը: 2014-ի նույն ցուցանիշը կազմել է 29,7%: «Արդյունքում կարող ենք եզրակացնել, որ մեր հիմնական առեւտրային գործընկերների տնտեսական բացասական վիճակով պայմանավորված՝ արտահանման ծավալների կրճատումը փոխհատուցվել է դեպի այլ երկրներ արտահանման ծավալների ավելացմամբ: Սա, կարծում եմ, շատ կարեւոր է եւ վկայում է մեր երկրի արտաքին առեւտրի դիվերսիֆիկացման մասին, ինչը պետք է շարունակական լինի: Ռուսաստանում, Ուկրաինայում եւ այլ երկրներում տնտեսության բացասական միտումները ստիպեցին հայկական կազմակերպություններին մտնել այլ շուկաներ, որոնել իրացման այլ տարբերակներ: Մեր գործարարները պետք է անընդհատ նոր շուկաներ որոնեն, եւ դա առաջին հերթին իրենց արտահանման կայունության ապահովմանը միտված կլինի: Մենք պետք է փորձենք անընդհատ կատարելագործել մեր արտահանման կառուցվածքը. որքան այն ավելի դիվերսիֆիկացված լինի, այնքան մենք ապահովագրված կլինենք արտաքին շոկերի անցանկալի հետեւանքներից»,- կարծում է Կառլեն Խաչատրյանը:
Գործարար, ԱԺ տնտեսական հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյանը արտաքին շուկաների դիվերսիֆիկացիան դրական է համարում՝ միաժամանակ նկատելով, որ ավելորդ դժվարությունների առջեւ ստիպված եղան կանգնել մեր գործարարները. «Գործարարները ստիպված եղան այլ շուկաներ փնտրել, իսկ դա նաեւ ծախսերի հետ կապված խնդիր է: Եթե մենք ավելի շուտ գտնեինք այդ այլ շուկաները` պահպանելով Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության ծավալները, շատ ավելի դրական կլիներ»: Գարեգին Նուշիկյանը կարծում է, որ այս բարդությունները, միաժամանակ, մեր գործարարներին դաս եղան՝ այն առումով, որ այլեւս միայն ռուսական շուկայի հետ հույսեր չեն կապի: Հարցին` արդյոք սա միայն գործարարների՞ խնդիրն է, կառավարությունը որեւէ դերակատարում չպիտի՞ ունենա շուկաների ապահովման հարցում, մեր զրուցակիցն ասաց. «Կառավարությունն ունի դերակատարություն: Կա արտահանման խթանման խորհուրդ, որը բավական ակտիվ աշխատում է: Ստեղծված է ապահովագրական պետական ընկերություն, որը նույնպես ակտիվ ներգրավված է արտահանումների ապահովագրման աշխատանքներում: Զարգացած եվրոպական երկրներում նման ծառայություններ կան: Մեզ մոտ էլ բավական դրական արդյունքներ տվել է նաեւ կառավարական այդ կառույցի աշխատանքը: Կառավարությունն էլ դեսպանատների, էկոնոմիկայի նախարարության տարբեր ծառայությունների միջոցով փորձում է ակտիվ լինել այս հարցում»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.12..2015