Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ից կրած վնասները մեղմացնելու միջոց՝ տնտեսագետի կողմից

Դեկտեմբեր 24,2015 15:30

Սակայն այն իրականացնելու համար քաղաքական կամք է հարկավոր

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո մի շարք տնտեսագետներ առայժմ միայն Հայաստանի տնտեսության կրած վնասների մասին են խոսում: Եթե անգամ փոքր-ինչ օգուտներ կան, դրանք տեսանելի չեն:

Այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը մի որոշում էր ընդունել, որը վերաբերում է պետական գնումներին. այն համաձայնեցրին Եվրասիական տնտեսական միության՝ ԵՏՄ պահանջներին: Ըստ այդ որոշման՝ «Եթե գնման հայտով ներկայացված տվյալ գնման առարկայի պահանջվող քանակի եւ առավելագույն գնի արտադրյալը չի գերազանցում գնումների բազային միավորի 70-ապատիկը, ապա այդ գնման առարկաների գծով գնային առաջարկների գնահատման եւ համեմատման ընթացքում ԵՏՄ անդամ երկրների արտադրության ապրանքներ առաջարկող մասնակիցներն ունեն 15% գնային առավելություն»: Սա նշանակում է՝ պետական գնումներում 70 միլիոն դրամի առաջարկի դեպքում, եթե մի ընկերություն գրանցված է ԵՏՄ անդամ երկրում եւ ներկայացնում է ԵՏՄ երկրների ապրանք, որի գինը 15%-ով թանկ է լինելու այլ ընկերության առաջարկած եվրոպական կամ ամերիկյան ապրանքից, ապա մեր կառավարությունը նախապատվությունը տալու է 15% թանկ ԵՏՄ-ում արտադրված ապրանքին:

Այս որոշման եւ ԵՏՄ-ն անդամակցելու բացասական հետեւանքները մեղմելու համար «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն առաջարկում է ԵԱՏՄ պետգնումների ընդհանուր համակարգ ստեղծել, որով հնարավոր կլինի մասնակցել տնտեսական միասնական տարածքի գնումներին:
Մանուկյանի խոսքերով՝ «Մի կողմից՝ մենք անդամակցում ենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ պետական գնումների համաձայնագրին, որտեղ որեւէ գնային նախապատվություն չկա, եւ Հայաստանը ԱՊՀ միակ երկիրն է, որը 2011-ից լիիրավ անդամ է: Հիմա ԵՏՄ մտնելով՝ պետգնումների վրա սա եւս կունենա բացասական անդրադարձ, քանի որ բոլոր փաստաթղթերի հիմքում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունն է դրված: Իսկ Ռուսաստանում կա 15% գնային նախապատվություն` հայրենական արտադրողներին: Քանի որ քաղաքական որոշման արդյունքում պարտադրվեց ԵՏՄ անդամակցությունը, մեծ հաշվով, ՌԴ օրենքի այդ դրույթը ԵՏՄ երկրների վրա տեղափոխվեց: ՀՀ կառավարության այս տարվա որոշումը՝ 15% թանկ ապրանքի նախապատվություն տալը, մեր կարծիքով՝ մեծացնում է կոռուպցիոն միտումների հավանականությունը»: Այսինքն, ըստ տնտեսագետի, շատ հավանական է, որ եվրոպական որեւէ ապրանք, որը նախկինում գնվում էր ասենք՝ 100 դրամով, հիմա համանման ապրանքը, երբ ուղղակի նշվի՝ արտադրվել է ԵՏՄ երկրներում, եւ լինի 114 դրամ գնային առաջարկ, կառավարությունը պարտավորվում է այդ 114 դրամանոց ապրանքը ձեռք բերել, ինչը ավելի թանկ է նստում պետբյուջեի վրա:

«Մենք առաջարկում ենք, եթե արդեն ստիպված սկսել ենք, ուրեմն շարունակել ինտեգրացումը, իսկ շարունակական քայլը միասնական պորտալի ստեղծումն է: Սա կնվազեցնի Հայաստանում միջնորդավորված գնումները: Օրինակ՝ այն ընկերությունը, որը Ռուսաստանի համար, ասենք՝ հացահատիկ կամ դեղորայք է մատակարարում, մենք կարող ենք այդ միասնական պորտալի շնորհիվ տեսնել, որ ավելի էժան գներով առաջարկ կա, անմիջապես այդ ընկերությունից պետգնումներ կատարել»,- ասում է Մանուկյանը: Նրա վստահեցմամբ՝ այս ընթացակարգով մեր երկրում նաեւ մրցակցությունը կավելանա, ավելի էժան կգնվեն ապրանքները, կշահի եւ պետությունը, եւ սպառողը:

Ընդ որում, այդպիսի միասնական գնումների համակարգի գործելու արդյունքում մեր երկրում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները կամայական գին չեն կարող դնել. «Մենք մեր հաշվետվության մեջ նշել ենք, որ պետգնումների շուկայում մեծ կենտրոնացվածություն կա: Գնալով ավելի քիչ ընկերություններ են հսկում ողջ գնումների համակարգը: 168 ընկերություն ողջ համակարգի 90%-ն է հսկում, ու ամեն տարի խաղացողներն ավելի են քչանում: Այդ միասնական համակարգով պետգնումներում մասնակիցների թիվը կավելանա, գնային մրցունակ առաջարկներ կլինեն: Մեր մասնակիցների համար էլ ԵՏՄ երկրներում հնարավորություն կլինի ավելի լավ փաթեթներ ներկայացնել: Այսպիսով՝ մենք կարող ենք նվազեցնել այն բացասական հետեւանքները, որոնք ստանում ենք ԵՏՄ-ին անդամակցելով»,- նկատում է Մանուկյանը:

Տնտեսագետը որպես ապացույց, որ պետգնումների միասնական համակարգը կնպաստի մեր երկրում մրցակցությանը, առարկայական օրինակ է բերում: Ասենք՝ եթե կարտոֆիլը հայ գործարարը ԵՏՄ երկրից ձեռք է բերում 60 դրամով եւ Հայաստանում վաճառում 90 դրամով, ապա միասնական գնումների համակարգի շնորհիվ կառավարությունը կարող է պետական փողերով առանց միջնորդի ձեռք բերել այդ նույն 60 դրամ առաջարկ անող ընկերությունից: «Եթե, իհարկե, իշխանությունն ունի այդ քաղաքական կամքը՝ միջնորդ մատակարարների թիվը պետգնումների շուկայում նվազեցնելու»,- ասում է տնտեսագետը:

Եվ, ի վերջո, ԵՏՄ-ում մեր ներկայացուցիչները, ավելի կոնկրետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ նախարարները՝ Կարինե Մինասյանը, Արա Նռանյանը, Ռոբերտ Հարությունյանը, որոնք բավականին բարձր աշխատավարձեր են ստանում, ինչպես ասաց տնտեսագետը, պետք է փորձեն պետգնումների համակարգն, այսպես ասած՝ աշխատեցնել եւ առաջարկված միասնական համակարգը փորձեն գործի դնել՝ բարձր աշխատավարձի դիմաց օգտակար մի բան անել մեր երկրի համար:

Արտակ Մանուկյանը մեկ այլ ուշագրավ առաջարկ էլ է անում. քանի որ մենք Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք եւ, ըստ այդմ, կարող ենք մասնակցել 40-ից ավելի երկրների պետական գնումներին, գնումների աջակցության կենտրոնն էլ կարող է տեղեկատվություն տրամադրել մեր ընկերություններին. ասենք՝ Իտալիայում կամ եվրոպական այլ երկրներում ինչ-որ ապրանք է հարկավոր, եւ մենք դրա հնարավորությունն ունենք առաջարկելու, կենտրոնը թարգմանի այդ փաստաթղթերը եւ փորձի աշխատել իրենց հետ՝ նպաստելով հայրենական արտադրողներին դուրս գալ ԵՄ եւ ԵՏՄ շուկաներ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031