Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որդեգրման գործով ներգրավվել էին ընթերականեր

Դեկտեմբեր 24,2015 15:00

Անչափահաս Ս.Պ.-ն տարիներ շարունակ փնտրում է իր աղջնակին, որին բժիշկների հորդորով թողել է ծննդատանը՝ երեխայի մոտ առողջական խնդիրներ ունենալու, «երեխան չի ապրելու» պատճառով:

Երեխայից իբր հրաժարվելու «գործարքը» հիվանդանոցն արել էր առանց անչափահաս աղջնակի ծնողների ու համապատասխան մարմինների թողտվության, իմացության: Աղջնակն այդ պահին համաձայնել էր, հավատացել բժիշկներին:

Սակայն տարիներ հետո տեղեկացել է, որ երեխան միանգամայն առողջ է եղել, եւ նրան անհայտ մեկը որդեգրել է:

Արդեն չափահաս մայրը, հոր հետ միասին ամեն տասնհինգ տարեկան աղջնակի տեսնելիս, մտածում են՝ դա իրենցն է: Նրանք երեխա չեն ցանկանում ունենալ, քանի որ իրենք երեխա ունեն, եւ վստահ են, որ գտնելու են նրան:

Մայրն իր փաստաբան-ներկայացուցչի՝ Մարատ Կոստանյանի միջոցով դիմել էր ոստիկանությանը, ապա Հատուկ քննչական ծառայությանը՝ պաշտոնատար անձանց միջոցով կատարված հանցագործության մասին հաղորդմամբ: Քրեական գործի վարույթը կարճվել էր, մայրը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանն այս տարվա նոյեմբերի 5-ին Ս.Պ.-ի օգոստոսին տրված հաղորդման հիման վրա պարտավորեցրել էր քննիչին՝ նախապատրաստված նյութերով հարուցել քրեական գործ: Դատարանի որոշումից 21 օր հետո Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում է կայացրել նշյալ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժել:
Մարատ Կոստանյանը երեկ դիմել է հանրապետության գլխավոր դատախազին, հայտնել էր. «Որոշման առաքման ծրարի փոստային դրոշմակնիքների համաձայն, այն Ս.Պ.-ին ուղարկվել է 02.121.2015թ.-ին, որը Ս.Պ.-ն ստացել է 05.12.2015-ին: Քանի որ ուրբաթ օր էր, եւ ես ընտանեկան հանգամանքների բերումով բացակայել եմ մշտական բնակությանս վայրից, գտնվել եմ Վանաձոր քաղաքում, Ս.Պ.-ի կողմից որոշումն ինձ փոխանցվել է դեկտեմբերի 12-ին: Ուստի միջնորդում եմ, որպեսզի վերադաս դատաախազին բողոքարկելու ժամկետը համարել հարգելի եւ բողոքս քննարկվի ըստ էության»:

Մայրն «Առավոտին» տրամադրել է տեղեկանքներ, փաստաթղթեր, համաձայն որի՝ 2000 թվականի փետրվարի 16-ին ծնվել է իր առողջ դուստրը: Նրա ծնունդը գրանցվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ստորաբաժանումում, տրվել է ծննդյան վկայական:

Նշեմ, որ Ս.Պ.-ն տվել էր երկու բժիշկների անունները, որոնք իր երեխայի «վաճառքի» պատճառն են դարձել, սակայն քննիչը հանցակազմ չի տեսել բժիշկների արարքում:
Բողոքարկման ժամանակ պարզվեց, որ մոր «հրաժարականի» ծննդյան օրը, ամիսը, տարին այլ է:

Բժիշկներն ասել են, թե տեղյակ չեն եղել ծննդկանի անչափահաս լինելու խնդրին, մինչդեռ, մայրը մինչ օրս պնդում է, որ նրանց թելադրանքով է գրել երեխայից «հրաժարվելու» մասին:
Որդեգրումն ինքնին փակ գործարք է, սահմանված է «Ամուսնության եւ ընտանիքի մասին» ՀՀ օրենսգրքում: Որդեգրմանն առնչվող բոլոր փաստաթղթերը դասվում են խիստ հաշվառման փաստաթղթեր եւ ոչնչացման ենթակա չեն:

Մինչդեռ, իրեն տուժող համարող կողմը պնդում է, որ թաղապետարանում առկա չեն եղել որդեգրմանն առնչվող հիմքերը, իսկ մեկ այլ փաստաթուղթ էլ՝ երեխայի ծննդյան գրանցման ակտը, քննիչին հանձնել են նույն այն բժիշկները, որոնց գործողություններում հանցակազմ չի տեսել քննությունն իրականացնող մարմինը:

Ըստ մոր, որդեգրումը կատարվել է առանց որեւէ հիմքի եւ ապօրինի, իսկ քննություն իրականացնող մարմինն էլ որեւէ քննչական գործողություն այդ ուղղությամբ չի կատարել:
Ծննդկանից բժիշկը պահանջել է 500 դոլար, լռության դիմաց՝ նրա անչափահաս լինելը թաքցնելու համար: Մինչդեռ, նախաքննության մարմին հրավիրված բժիշկը կտրականորեն հերքել է: Իհարկե, ցանկալի կլիներ, որպեսզի առերեսում կատարվեր երկուսի միջեւ: Ըստ ներկայացուցիչ-փաստաբանի, քննիչն առերեսում անցկացնելը համարել է աննպատակահարմար, չհիմնավորելով սակայն, թե ինչումն է կայանում այդ աննպատակահարմարությունը, ինչը «հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ դրանով քննիչը պարզապես նպատակ է հետապնդել բացառել գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտումը»:

Ի դեպ, բժիշկներից մեկը նախկինում իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված մեկն է, դատված մեկն է, համագյուղացի՝ երկրորդ բժշկին:

Գլխավոր դատախազին տեղեկացվել է նաեւ այն մասին, որ Ս.Պ.-ին չի տրամադրվել իր երեխայի որդեգրման մասին որոշումը, վկայակոչելով որդեգրման գաղտնիքի մասին օրենքը: Երեխայի մոր ներկայացուցիչն ասում է՝ իրենց պահանջը բխում է այն նույն տրամաբանությունից, որ թաղապետարանում չկային որդեգրմանն առնչվող փաստաթղթերը, մինչդեռ ծննդյան գրանցման ակտը եղել է, եւ տրամադրվել է քննիչին՝ բժշկի կողմից, մեկի, որը դրա իրավունքը չուներ, եւ տվյալ գործով նա հնարավոր կասկածյալ էր:

Ի դեպ, Արաբկիրի դատարանը մի շարք հանգամանքների վրա էր փորձել ուշադրություն հրավիրել: Մասնավորապես, քննիչի կողմից առգրավվման ժամանակ է թաղապետարանում հայտնվել որդեգրման որոշումը: Մինչ այդ, թաղապետարանում չի եղել այն: Առգրավվման որոշումը կայացվել է անցյալ տարի, սակայն երբ, որ օրը, որ ժամին՝ հայտնի չի:
Ի հայտ են եկել վերջապես քննչական գործողության նոր մասնակիցներ՝ ընթերականեր, որոնք, չգիտես ինչու, չեն զգուշացվել որդեգրման որոշման առգրավման մասին որոշման հետ կապված, այն դեպքում, երբ իրական շահագրգիռ մարդկանցից թաքցնում են այդ ամենը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031