Ասպիրանտուրայում դիմորդի ընդունելության պահին տեղին է քննարկել ասպիրանտի գործունեության ծախսերը եւ հիմնավորել դրանց ֆինանսավորման աղբյուրները, այսինքն՝ կազմել դիմորդի անհատական ֆինանսական պլանը, որը կվերաբերի նրա կրթության ողջ տեւողությանը: Ընդհանրապես, գիտության ոլորտը ձգտում է պասիվ ֆինանսավորման, երբ գիտահետազոտական ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են «վերեւից», գումարներ ստանալով պետական բյուջեից կամ հիմնադրամներից: Սակայն, այս դեպքում գիտահետազոտական աշխատանքների ֆինանսական ռեսուրսները չեն կարող օգտագործվել բարձր արդյունավետությամբ, քանի որ հանրային ֆինանսավորման շահառուները (պետություն, հասարակական կազմակերպություններ, նվիրատուներ եւ այլն) խիստ շահագրգռվածություն չեն ցուցաբերում գիտահետազոտական վերջնարդյունքների մրցունակության հարցում:
Իսկ եթե իրականացվում է գիտահետազոտական աշխատանքների՝ «ներքեւից» ֆինանսավորում, գործարարների պատվերների, ասպիրանտների կրթավճարների հաշվին, ապա այս պարագայում շահառուների կողմից խիստ հետաքրքրություն է ցուցաբերվում գիտության վերջնարդյունքների թե որակի եւ թե մրցունակության հարցում: Մասնավոր ֆինանսավորման պարագայում բարձրանում է գիտության հատույցի նշաձողը եւ հետազոտության մեջ կատարված ներդրումներից բարձր հատույցներ են ակնկալվում:
Մյուս կողմից էլ՝ ոչ միշտ է հնարավոր դառնում մասնավոր ֆինանսական ռեսուրսներով գիտություն զարգացնելը, քանի որ դրանք հաճախ չեն բավարարում խոշորամասշտաբ գիտական ծրագրերի լիարժեք ֆինանսավորման համար, ուստի անգամ զարգացած երկրներում դոկտորանտուրան ամբողջությամբ չի ֆինանսավորվում հանրային միջոցների հաշվին եւ կիրառվում է խառը ֆինանսավորում: Ընդ որում, Արեւմտյան Եվրոպայի որոշ երկրներում, որտեղ բարձր է դոկտորանտուրայի ֆինանսավորման կազմում հանրային ֆինանսների տեսակարար կշիռը, համալսարանների առջեւ խնդիր է դրվում նաեւ սեփական նախաձեռնություն ցուցաբերել եւ ինքնուրույնաբար հայթայթելու դոկտորական ծրագրերի իրագործման ֆինանսական ռեսուրսներ: Այս մոտեցմամբ պետությունը համալսարաններին անուղղակիորեն պարտադրում է պասիվ դիրքորոշում չցուցաբերել դոկտորանտուրայի ֆինանսավորման հարցում եւ չհասմանափակվել սոսկ երաշխավորված հանրային ֆինանսավորմամբ: Այդ պարտավորությունը փոխանցվում է նաեւ գիտական ղեկավարներին, որոնք ջանքեր են գործադրում գիտահետազոտական աշխատանքների ֆինանսական այլընտրանքային աղբյուրների որոնման եւ դոկտորանտուրայում ներառման գծով:
Այսպես, Տեխնոլոգիայի արքայական ինստիտուտում (Շվեդիա) կազմակերպվող դոկտորանտուրան շուրջ 55%-ով ֆինանսավորվում է հանրային աղբյուրների հաշվին: Սակայն բուհում պրոֆեսորադասախոսական անձնակազմի առջեւ խնդիր է դրվում ակտիվ լինել գիտահետազոտական աշխատանքների գծով լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների որոնման հարցում (միջազգային դրամաշնորհներ, Եվրամիության հատուկ ֆոնդեր, շահագրգիռ գործատուներ), հակառակ պարագայում, որոշ ժամանակ անց, նրանց այլեւս հնարավորություն չի տրվում դոկտորանտուրայում հանդես գալու որպես գիտական ղեկավարներ:
Կարծում ենք, որ նման փորձի ներդրումը կբարձրացնի Հայաստանում իրականացվող ասպիրանտուրայի արդյունավետությունը: Ներկայումս, մեր իրականությունում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ ինչպես համալսարանները, այնպես էլ գիտական ղեկավարներն առանձնակի ջանքեր չեն գործադրում ասպիրանտուրայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հայթայթման հարցում` բավարարվելով միայն ասպիրանտի ցածր` եւ հաճախ էլ չհիմնավորված ցածր կրթավճարներով: Արդյունքում, ասպիրանտուրայի ոչ լիարժեք ֆինանսավորումը թույլ չի տալիս խոշոր եւ հիմնարար գիտական ծրագրեր իրականացնել, եւ ընդամենը ունենում ենք ատենախոսություններ, որոնց գիտական նորույթները թերֆինանսավորման պարագայում գիտագործնական կիրառումներ չեն գտնում:
Այս առումով նպատակահարմար ենք համարում, որ մեր հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ յուրաքանչյուր դիմորդի գծով ոչ միայն հստակ խնդիր դրվի, թե գիտական ինչ վերջնարդյունքներ են ակնկալվելու, այլեւ կազմվի հետազոտողի անհատական ֆինանսական պլանը, նրանում մանրամասն նշելով, թե որքան գումարներ են հատկացվելու ասպիրանտի էմպիրիկ հետազոտություններին, լաբորատորիաների վարձակալությանը, միջազգային գիտաժողովներին մասնակցությանը, այլ համալսարաններ հետազոտական այցելություններին, ինովացիոն արդյունքների փորձարկումներին: Թե չէ ստացվում է այնպես, որ ասպիրանտուրայում ներկայումս կրթավճարներ են սահմանվում կամ պետական ֆինանսավորում է իջեցվում` «աչքաչափով», առանց որեւէ հիմնավորման:
Կարդացեք նաև
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ
23.12..2015