Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Գաբրիելյան. «Կիեւում ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը բացականչեց՝ «Բրավո Արմենիա»

Դեկտեմբեր 24,2015 13:00

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանի հանձնակատար Դերենիկ Գաբրիելյանը դեկտեմբերի 14-15-ին Կիեւում մասնակցել է Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման քառորդ դարյա հոբելյանին:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Գաբրիելյանն ասաց. «Հրավիրվել էին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ, շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը, ԱՊՀ եւ այլ երկրների օլիմպիական կոմիտեների ղեկավարներ, սպորտի նախարարներ, օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոններ: Ներկա էր նաեւ Ուկրաինայի ՕԿ առաջին նախագահ, օլիմպիական չեմպիոն, թեթեւ աթլետ Վալերի Բորզովը իր տիկնոջ՝ լեգենդար մարմնամարզուհի Լյուդմիլա Տուրիշչեւայի հետ: Հատկանշական էր, որ գլխավոր հանդիսավոր արարողության ժամանակ առաջին շարքերում նստել էին սպորտի վետերանները, այն երախտավորները, որոնք շատ մեծ ներդրում են ունեցել ուկրաինական սպորտում:
Մեր ուկրաինացի գործընկերները բավականին լավ էին նախապատրաստվել հոբելյանը բարձր մակարդակով նշելուն: Միջոցառումները բաժանվել էին մի քանի ուղղությունների: Ես գլխավոր հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեցա, փոխանցեցի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը եւ ՈՒԱՕԿ-ի նախագահ Սերգեյ Բուբկային հանձնեցի հատուկ նվեր:

Ողջույնով ելույթ ունեցավ նաեւ Թոմաս Բախը, որը նշեց Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի մեծ ներդրումը միջազգային օլիմպիական շարժման գործում: Ուկրաինացի մարզիկները օլիմպիական խաղերում ընդհանուր առմամբ նվաճել են տարբեր կարգի 600-ից ավելի մեդալ»:
Դերենիկ Գաբրիելյանը մի հետաքրքիր դիպված էլ պատմեց. «Միջոցառումների շրջանակներում այցելեցինք թիվ 78 հանրակրթական դպրոց, որը պայմանագիր ունի Ուկրաինայի ԱՕԿ-ի հետ: Այնտեղ սուսերամարտի բաց դաս էր նախատեսված: Թոմաս Բախը, որ նախկինում սուսերամարտիկ է եղել եւ ԳՖՀ-ի հավաքականի կազմում դարձել է 1976 թ. օլիմպիական խաղերի չեմպիոն եւ 1977 թ. աշխարհի թիմային չեմպիոն, հենց տեղում հագավ սուսերամարտիկի մարզազգեստը եւ սկսեց վարպետության բաց դաս անցկացնել երեխաների հետ: Ստացվեց այնպես, որ նա սուսերով խոցում վարժությունը ցույց տալու ժամանակ բոլորիս համար անակնկալ ինձ ընտրեց որպես «թիրախ»: Ես էլ, որ ժամանակին բռնցքամարտիկ եմ եղել, իմ մարզաձեւի հնարքով պաշտպանվեցի: Նույնը կրկնվեց երկրորդ անգամ ու արդեն ինքն անակնկալի եկած՝ ՄՕԿ-ի նախագահը զարմացած բացականչեց. «Բրավո Արմենիա»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ Դերենիկ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Ուկրաինայի ԱՕԿ-ի նախագահ Սերգեյ Բուբկան շնորհակալական նամակ է ուղարկել ՈՒԱՕԿ-ի 25-ամյա հոբելյանի տոնակատարությանը մասնակցելու համար եւ վստահություն հայտնել, որ այսուհետեւ երկու երկրների օլիմպիական կոմիտեների համագործակցությունը կշարունակվի եւ էլ ավելի կխորանա:

«Առավոտ» օրաթերթ
23.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031