Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդի կանանց կրթության հարցն առկախ է

Դեկտեմբեր 24,2015 12:30

Հաճախ ավանդույթներն ավելի զորեղ են

«Կնոջ մազերը երկար են, խելքը՝ կարճ»,- հնում այսպես են մտածել շատ ժողովուրդներ, հիմա էլ դեռ կան մի քանի արեւելյան երկրներ, որտեղ կինը զրկված է պատշաճ դիրքից ու ազատությունից: Արդյո՞ք մարդկային տգիտությունն է նման վերաբերմունքի պատճառը, թե՞ ազգային ավանդույթների թելադրանքը, որ կինը պետք է լինի հնազանդ ու պարտադիր չէ նրա կրթված լինելը: Կանանց կրթության հարցը միշտ էլ եղել է վիճելի, հասարակության կիրթ մասը միշտ կողմ է եղել կանանց առաջխաղացմանը, սրա մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ տարբեր պարբերականներում, որոնցով փորձել են ազդել մարդկանց մտածելակերպի ու կանանց հանդեպ ունեցած այս վերաբերմունքի փոփոխման վրա: Հայկական հնագույն պարբերականներից մեկում՝ 1851-1852 թթ. Կոստանդնուպոլսում լույս տեսնող «Բանասեր» հանդեսում ժամանակին գրվել է. «Կանայք մեզ կառավարում են, ջանանք նրանց առաջընթացն ապահովել, որքան ավելի լուսավորվեն նրանք, այնքան ավելի կլուսավորեն մեզ: Մայրական կաթի հետ երեխային է փոխանցվում մոր համեստությունն ու առաքինությունը, քանդելու ու սարքելու ունակությունը, ի վերջո, ամուսնուն նույնպես կինն է կառավարում: Այսպիսով, ո՞վ կարող է տարակուսել, որ կանայք են, որ կարող են մեզ գեղեցիկ կամ տգեղ դարձնել, որ մարդկանց վիճակը կանանց ձեռքում է, ուրեմն մարդկանց կրթությունը կանանցից պետք է սկսել»: Առաջին հայացքից թվում է, թե նմանատիպ խնդիրներ քաղաքակիրթ երկրներում ու հատկապես քսանմեկերորդ դարում չկան, սակայն դեռ կան ժողովուրդներ, որոնք պահպանել են նախնիներից փոխանցված կարծրատիպերը, ըստ որոնց՝ կինը պետք է զերծ մնա հասարակական ու հատկապես քաղաքական կյանքից: Կինը հասարակության ներգրավվածության խնդիր ունի շատ ժողովուրդների մեջ, այդ ժողովուրդների թվին են պատկանում եզդիները: Եզդի կնոջ կերպարում եղել ու պահպանվել է համեստությունն ու հնազանդությունը եւ գուցե հենց չափից դուրս հնազանդությունն է, որ թույլ չի տվել արտահայտել սեփական կարծիքն ու տնօրինել այն: Դարեր շարունակ կանանց այս հեզ ու կարելի է ասել՝ երկրորդական դիրքն այս ազգի հետ է եղել ու դեռ մինչեւ այսօր էլ կա եզդի կանանց հասարակությանն ինտեգրման խնդիր:

«Յուրաքանչյուր էթնոս կանգուն է իր առանձնահատկություններով ու ավանդույթներով: Այս ամենը ձեւավորում է տվյալ էթնիկական տարրի հոգեկերտվածքը: Ազգայինը պահել ու պահպանելը հիանալի է, այն պահում է նաեւ տվյալ ազգի անհատականությունն ու հոգեբանական կառուցվածքը: Սակայն այս պարագայում պետք է գտնել ոսկե միջինը, եթե որոշ տարրեր խանգարում են ազգի առաջընթացին ու զարգացմանը: Քանի որ մենք թեւակոխել ենք պոստ մոդեռն ժամանակաշրջան, ապա հետընթացն այսօրվա քաղաքացուն հարիր չէ: Հատկապես կնոջը, ով իր մեջ կրում է նոր կյանքի սկիզբը: Դաստիարակում է զավակներ ու ապահովում է ընտանիքի հուզական նեցուկը: Երեւի թե տեղին է հիշել համամարդկային մտածող Նժդեհի պատգամը՝ «Մայրերի ափերի մեջ փնտրեք ազգերի ճակատագրերը»: Պայքարի միակ միջոցը այս տեսակ բռնությունների դեմ՝ կրթության ու իրազեկության բարձրացումն է: Ի դեպ, դա կլինի հզոր զենք ազգայինը ներկայացնելու ու պահպանելու առումով»,- մեզ հետ զրույցում ասաց հոգեբան Աննա Բադալյանը:

Կանանց հանդեպ նմանատիպ վերաբերմունքը եզդիական համայնքի մի խումբ (հիմնականում մեծահասակներ) անդամների կողմից բացատրվում է նրանով, որ իրենք ապրելով օտարազգիների մեջ, չեն ցանկանում իրենց սովորություններում ներմուծվեն օտար տարրեր: Ցանկությունն արդարացված է, այսօր նմանատիպ փոքր ազգի համար, ինչպիսիք եզդիներն են, ազգայինի պահպանումը, ձուլումից զերծ մնալը գերխնդիր է, սակայն, ինչպես նշեց հոգեբան Աննա Բադալյանը, ամեն ինչում պետք է ընտրել ոսկե միջինը, իսկ նման խիստ մոտեցումները կանանց, հատկապես պատանեկան տարիքից դուրս չեկած աղջիկների հանդեպ բերում են հոգեբանական խնդիրների: «Զոհերը» լինում են՝ խոցելի, թերարժեք, ինքնամփոփ, ամենավատթարագույն դեպքում՝ բռնարար: Եզդիական համայնքի շատ աղջիկներ չեն հասցնում նույնիսկ ստանալ պարտադիր կրթություն, ծնողները հեռացնում են դպրոցից եւ ամուսնացնում: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են այսպես վարվում, ծնողները հաճախ պատասխանում են. «Վախենում ենք փախցնեն, այդ պատճառով մենք ամուսնացնում ենք աղջիկներին, այսպիսով հույս ունենալով, որ մեր երեխաները գոնե ապահով կապրեն»:
Արդյոք պետությունն ինչ-որ կերպ կկարողանա՞ այս խնդրին միջամտել, սահմանելով պատիժ՝ երեխային միտումնավոր պարտադիր կրթությունից զրկելու համար, սա քննարկվելիք հարց է, քանի որ համայնքի շատ ներկայացուցիչներ շարունակում են դեմ արտահայտվել:

ԶՈՒԶԱՆ ՄԱՄՈՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
23.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031