Դեկտեմբերի 15-ին Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտարարեց, որ կառավարության որոշմամբ 2015 թվականին Տավուշի մարզին հատկացվել է 815 տոննա առաջին վերարտադրության էլիտար սերմացու, որը բաժանվել է 38 համայնքի՝ 2100 շահառուի: Այս տարի սերմնաբուծական 2 տնտեսություն Արծվաբերդ եւ Բերդ համայնքներում էլիտար սերմնացուով համապատասխանաբար 20 եւ 7 հեկտար ցանք են կատարել: Գյուղվարչության պետը նշեց, որ Տավուշի մարզում նախորդ տարիներից էլիտար սերմացուն վերադարձնելու պարտք կա, 2012 թվականի համար այն կազմել է 5 միլիոն դրամ, 2013 թվականին՝ 21 միլիոն դրամ, 2015 թվականին՝ 40 միլիոն դրամ:
Գյուղավարչության պետի վկայությամբ՝ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ համայնքները էլիտար սերմացուն ժամանակին վերադարձնում են: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար համայնքի ղեկավար Երվանդ Եգանյանն ասաց, որ 2013թ. էլիտար սերմացուն ցանել են, սակայն այն չի ծլել: Մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ հարկ էր մարզպետարանի եւ գյուղապետարանի հանձնաժողով կազմել եւ արձանագրել փաստը: Ոսկեպարի գյուղապետն ասաց, որ այդ ժամանակ ինքը դիմել է Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչություն, սակայն էլիտար սերմացուի հատկացման պայմանագրում ֆորսմաժորային իրավիճակներ նշված չեն, բոլոր դեպքերում սերմացուն պետք է վերադարձնել:
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն ասաց, որ նախկինում Բերդավանի բնակիչները մշտապես պարտաճանաչ վերադարձրել են կառավարության կողմից հատկացված էլիտար սերմացուն, սակայն 2015 թվականի ամռանը կարկտահարության պատճառով արտերը ոչնչացել են, դրա վերաբերյալ առկա են գյուղապետարանի եւ Տավուշի մարզպետարանի մասնագիտական հանձնաժողովների կազմած ակտերը: Սահմանամերձ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն էլ հայտնեց, որ 2015թ. հուլիսի 17-ին ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Բաղանիսի սահմանամերձ գոտում այրվել է 4 հեկտար ցորենի արտ, այդ պատճառով էլիտար սերմացուն չեն կարողացել վերադարձնել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ