Անցած տարեվերջին Խանջյան փողոցում քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու պատճառով»:
Գեւորգ Սաֆարյանի խոսքով, նույն ճակատագրին է արժանանալու նաեւ Ազատության հրապարակում ոստիկանի կողմից իր նկատմամբ կիրառված բռնության դեպքով հարուցված քրեական գործը:
«Այդ գործն էլ կփակեն վաղ թե ուշ: Քանի որ այդ գործողությունները կատարվում են ռեժիմի կողմից, իսկ ոստիկանությունը կամ քննչական կոմիտեն այդ ռեժիմի մի մասն է, իրենք իրենց հանցագործությունները չեն բացահայտի»,- ասաց ակտիվիստը:
Նրա խոսքով, Խանջյան փողոցի այն հատվածում, որտեղ ծեծի է ենթարկվել, ամենաքիչը չորս տեսախցիկ է եղել, որոնցից երեքը բարձրորակ սարքեր են. «Գործողությունը տեղի է ունեցել կանգառում, որտեղ բազմաթիվ մարդիկ են եղել, ինչպես նաեւ հետապնդման հետագծի վրա կան տասնյակ տեսախցիկներ, այսինքն, բացահայտումը ժամերի հարց էր, բայց ոչ ոստիկանությունը, ոչ քննչական կոմիտեն այդ տեսախցիկների տեսագրությունը նույնիսկ չի առգրավել: Կա հստակ միտում չբացահայտել գործը: Իսկ կասեցված գործի հետեւից գնալն անիմաստ է, քանի որ այս ռեժիմի պարագայում այդ գործերը չեն բացահայտվի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ