Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել եւ Աչաջուր գյուղում գտնվող իր տանն ապօրինի պահել է որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող, 5.45 մմ տրամաչափի «Սայգա ՄԿ» տեսակի կարաբին եւ որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 11 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտներ:
Ա. Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ: Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանը մեզ հայտնել է, որ Ա. Մելիքբեկյանի տանը հայտնաբերված որսորդական զենքն օրինական է, այն պատկանում է Արթուրի ընկերոջը:
Արթուր Մելիքբեկյանի քրեական գործով դատավարության դեկտեմբերի 8-ի նիստում Ա. Մելիքբեկյանի պաշտպան Ա. Լալայանը դատավոր Ռ. Մելքոնյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմնավորմամբ, որ դատարանը մերժելով ցուցմունք տալուն նախապատրաստվելու համար Արթուր Մելիքբեկյանին ժամանակ տրամադրելու միջնորդությունը, հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքը, վկա Սմբատ Ղալթախչյանին առերես հարցաքննելու ամբաստանյալի պնդմանն ի պատասխան դատարանը ներկայացրել է Ս. Ղալթախչյանի նախաքննական ցուցմունքը, համարելով, որ նրան առերես հարցաքննելու կարիքը չկա, դատարանը մերժել է նաեւ Հովհաննես Ղալթախչյանին որպես վկա հրավիրելու եւ հարցաքննելու միջնորդությունը, դատարանը նաեւ հրաժարվել է հետազոտել մեկ այլ քրեական գործից պաշտպանական կողմի ներկայացրած ցուցմունքի պատճենը:
Դատավոր Ռ. Մելքոնյանը համարելով, որ Ա. Մելիքբեկյանի պաշտպանի միջնորդության մեջ տեղ գտած փաստարկները սուբյեկտիվ են ու բացարձակ անհիմն,այնուամենայնիվ, որոշել է բավարարել ինքնաբացարկի միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ Ա. Մելիքբեկյանի եւ նրա պաշտպանի անվստահությունն իր հանդեպ որոշակի կաշկանդվածություն են ստեղծում: Քրեական գործը վերադարձվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանին՝ նույն դատարանի մեկ այլ դատավորի հանձնելու համար: Սույն դատավարությունը շարունակվում է Բերդ քաղաքում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ