Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժականի դոցենտը՝ «խաբող» ուսանողների խնդրի մասին

Դեկտեմբեր 23,2015 21:05

Aravot.am-ը Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գեւորգյանից հետաքրքրվեց՝  որպես կրթության ոլորտի մարդ ի՞նչ լուծումներ է տեսնում գործուղումով բուհ ընդունված, պետպատվերով սովորած, բայց մարզ չվերադարձող ուսանողների խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

Պարոն Գեւորգյանը  նշեց, որ գործուղումով բուհ ընդունվելու ինստիտուտը գործում է խորհրդային տարիներից, այն ժամանակ էլ մարզերից գործուղվում էին բուհեր, մասնագետներ էին պատրաստվում, ավարտելուց հետո այդ երիտասարդները վերադառնում էին իրենց մասնագիտական ծառայությունը մատուցելու համայնքին: Մեր զրուցակիցը փաստում է, որ վերջին շրջանում ուղղակի արտոնյալ վիճակ է ստեղծվել ոմանց համար, եւ բացակայում է մրցակցային դաշտը գործուղվածների միջեւ:

«Նախկինում տվյալ մարզից, տվյալ մասնագիտությամբ  ընդունվելու համար նման արտոնությունից օգտվում էր ոչ թե մեկը, այլ մեկ գործուղման համար պայքարում էր մի քանի ուսանող: Նրանք հանձնում էին քննություն, եւ ով ավելի բարձր միավոր էր վաստակում, նա էլ ընդունվում էր: Այսօր էլ տվյալ մարզպետարանը, կրթության վարչությունը կամ մեկ այլ մարմին, որ գործողում է  երիտասարդին բուհ, իր վրա է վերցնում այդ հարցը, ուրեմն  գործուղման արդյունքում պետպատվերի շրջանակում սովորելու հնարավորություն պետք է ընձեռի ոչ թե մեկ ,այլ մի քանի հոգու համար: Եվ թող աչքապատվաստվածին ու խելացիին էլ տրվի պետպատվերի շրջանակում սովորելու հնարավորություն»:

Էդիկ Գեւորգյանը փաստում է՝ ստացվում է այնպես, որ հատկապես հեռավոր շրջաններից գալիս-բուհ են ընդունվում, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով, մասնավորապես՝ աղջիկները ամուսնանալուց հետո չեն վերադառնում մարզ: Այնպես որ, խնդիրը կարոտ է կարգավորման: Նրա ձեւակերպմամբ, այլ խնդիր էլ կա. «Բակալավրիատի շրջանավարտին, որը գործուղումով է եկել, թույլ չէինք տալիս առաջին տարին դիմել մագիստրատուրա, ասելով, որ պետությունը կամ տվյալ կազմակերպությունը ծախս է արել քեզ վրա, եւ դու պետք է վերադառնաս ու աշխատես: Դա էլ բաց դաշտ է, որը լուծում է պահանջում, որովհետեւ  պետք է գործուղման մեջ հստակ նշվի, որ դա գործուղում է միայն բակալավրիական կրթության համար, բայց չէ՞ որ կարող է վաղը, մյուս օրը տվյալ աշխատավայրում հայտնվի մեկ ուրիշը, որն ունի մագիստրոսական կրթություն, այսինքն` իր կրթական ցենզով ավելի բարձր լինի:

Փաստորեն, ակամայից այս մարդուն կաշկանդում ենք, ասում ենք՝ դու հավասար դաշտում չես տեղավորվում: Մի խոսքով, առաջին հերթին մրցակցություն պետք է ապահովենք տարբեր տեղերի համար, կամ էլ այս հարցը կարելի է ընդհանրապես հանել, մանավանդ այսօր շատ մասնագիտությունների գծով չկան գործուղումներ: Բազմաթիվ փաստեր կարող եմ բերել, թե ինչպես է մայրաքաղաքում ծնված, մեծացածը մեկնում է հեռավոր մարզեր եւ տեղի առողջապահական հիմնարկում աշխատում՝ Հիպոկրատի երդմանը հավատարիմ, մեկ ուրիշը մանկավարժ է աշխատում մարզի կամ գյուղի դպրոցում: Այսինքն, եթե աշխատատեղերում հնարավորություն ենք ապահովում, մարդիկ գնում են մարզեր: Մանկավարժների հարցում ճիշտ կլինի կա՛մ մրցակցային դաշտը լայնացնել, կամ արտոնությունն ընդհանրապես հանել, ինչի արդյունքում խնդիրը մեխանիկորեն կլուծվի»:

Էդիկ Գեւորգյանի համոզմամբ, պարտադիր է նաեւ, որ գործուղումով բուհ ընդունվածը մասնագիտական պրակտիկան անցնի տվյալ մարզում, տվյալ հաստատությունում, եւ բուհն էլ սերտորեն համագործակցի գործուղում տված կազմակերպության հետ: «Այդպես ուսանողը մասնագիտական պրակտիկայի ընթացքում կապվի տվյալ համայնքի հետ եւ ոչ թե կգա, կասի՝ բժիշկ եմ ու միայն մայրաքաղաքում պետք է պրակտիկա անցնեմ: Երբ ապագա բժիշկն, օրինակ` Սյունիքի մարզի որեւէ հիվանդանոցում է անցնում իր պրակտիկան կամ մանկավարժականի ուսանողը՝ հեռավոր մարզի դպրոցում, պատկերը փոխվում է: Ու եթե բուհը սերտորեն համագործակցում է գործուղում տված կառույցի հետ, համայնքից կարող են տեղեկացնել՝ պրակտիկան ձեւակա՞ն է, թե՞ ոչ,  կարող են ահազանգել, ուսանողին ասել՝ խախտում եք պարտավորվածությունը, եւ տվյալ հարկ եղած դեպքում պայմանագրի կետերում փոփոխություններ անել՝ ընդհուպ մինչեւ պայմանագրի լուծարում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031