Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս գործիչները զարմացած են ՀՀ սահմանադրական հանրաքվեի արդյունքներից

Դեկտեմբեր 23,2015 20:10

Sputnik Արմենիայի միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան՝ տարածաշրջանային անվտանգության թեմայով տեսակամրջի ընթացքում ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գուսևը բաց տեքստով հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է ֆորպոստ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում:

Անդրադարձ կատարվեց նաև ՀԱՊԿ գագաթնաժողովին: ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար խոսքով՝ ՀՀ իշխանության դիրքորոշումը բավականին կառուցողական է: Այս առիթով նա ասաց. «Մինչ այդ էլ Խաչատուրովը հրապարակայնորեն աջակցեց մեզ, հայտարարություններ հնչեցրեց: Ցավոք, չկա ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների դիրքորոշումը, բայց պետք է առաջ շարժվել, ՀԱՊԿ-ը կա, լրջագույն հարթակ է՝ հետագա զարգացման համար, փոխհամագործակցության զարգացման համար»:

Ռուսաստանի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը հիշեցրեց, որ Հայաստանն առաջին պետությունն է, որ աջակցեց Ռուսաստանին՝ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը հարվածելուց հետո: «ՀԱՊԿ անդամ-պետությունները, բացի Հայաստանից, չեն արտահայտել իրենց դիրքորոշումը՝ չնայած մենք մեկ միության մեջ ենք»:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը ռուս փորձագետների հնչեցրած դիրքորոշումներին ի պատասխան հայտարարեց. «Հայաստանը հրապարակային աջակցել է ՌԴ-ին և այո, առաջինն է արձագանքել՝ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռը հարվածելու միջադեպին՝ ի տարբերություն ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների: Անդրադառնալով ֆորպոստի մասին հայտարարություններին՝ պարոն Շահգելդյանն ասաց. «Հայաստանն իրավիճակը չի դիտարկում ֆորպոստային տեսանկյունից, այլ անվտանգության քաղաքականությունից, ՌԴ հետ ունեցած ռազմավարական ամուր հարաբերություններից և ազգային շահերի դիրքերից»:

Դառնալով ՀՀ ներքաղաքական վերջին իրադարձություններին, մասնավորապես սահմանադրական հանրաքվեին՝ պարոն Գուսևը նկատեց. «Մենք ուշադիր հետևում ենք այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում: Գիտենք, որ հանրաքվեի հետ կապված կան որոշ խնդիրներ: Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նախագահական հանրապետությունն ավելի շատ հնարավորություններ է ընձեռում հետագա զարգացման համար: Ինձ թվում էր, որ հանրաքվեի արդյունքները մի փոքր այլ կլինեն, բայց մենք, ինչևէ, հարգում ենք հայ ժողովրդի ընտրությունը»:

Պարոն Շահգելդյանը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ռուս գործչի դիտարկմանն ի պատասխան նշեց, թեև ինքն էլ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է, որը դեմ է սահմանադրական փոփոխություններին, սակայն էթիկապես ճիշտ չի համարում այս թեմաները քննարկել այստեղ: Նա նշեց, որ սահմանադրական հանրաքվեն անցել է և պետք է սպասել քաղաքական զարգացումներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031