Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը պնդում է, որ հրադադարից հրաժարվելու մասին ՊՆ նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր սեպտեմբերի 26-ին, բայց չգիտես, ինչու այդ հայտարարությունը մնաց աննկատ:
«Պաշպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ իրավունք է վերապահում այդ թվում հրթիռահրետանային միջոցներով խոցել հակառակորդի կենդանի ուժը, տեխնիկան՝ շարժվող, կանգնած եւ այլն: Դա փաստացի նշանակում էր, որ հրադադարն այլեւս չի գործում: Չգիտեմ՝ ինչու դա բավականին աննկատ անցավ, ու երբ հիմա՝ այդ հայտարարությունից երեք ամիս անց դա կրկնվեց, բոլորը զարմացան»,- ասաց փորձագետը:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմն էլ է հայտարարություններ արել տարբեր առիթներով, նույնիսկ ՊՆ նախարարի մակարդակով, որ խոցելու են, կրակելու են եւ այլն. «Նախարարն ասաց՝ հրաման եմ տվել հակառակորդի ամեն զինվորին խփել, այսինքն, իր ասածից էլ է հետեւում, որ իրենք այլեւս հաշվի չեն նստում հրադադարի հետ: Փաստացի երկու կողմից էլ հայտարարվել է, որ հրադադարը չի գործում, բայց որոշ պաշտոնական հաղորդագրություններում շարունակում են տալ հրադադարի ռեժիմի խախտում ձեւակերպումը: Ինչը հակասում է հենց պաշտոնյաների հայտարարություններին»:
Կարեն Վրթանեսյանն ասաց, թե երբեք չի ընդունել տարածված արտահայտությունը, թե խաղաղ պայմաններում էլի զինվոր զոհվեց. «Ես միշտ շեշտել եմ, որ խաղաղ պայմաններ չկան, պատերազմ է, ու հրադադարը դեռ չի նշանակում պատերազմի ավարտ: Հրադադարը նշանակում է ռազմական գործողությունների դադար, բայց մենք տեսնում ենք՝ իրական ռազմական գործողություններն ընթանում էին: Նման պայմաններում հայկական կողմը հայտնել է, որ այլեւս հաշվի չի նստում հրադադարի պայմանագրի հետ»:
Կարդացեք նաև
Փորձագետը չի կարծում, որ հայկական կողմի գործողությունները զսպված են. «Հակառակորդը բավականին արդյունավետ պատասխան ստանում է, տվյալ իրավիճակի դեպքում, նորմալ է»:
Մեր հարցին, թե ստեղծված իրավիճակը մինչեւ ուր կտանի, պարոն Վրթանեսյանն ասաց՝ չի կարծում, որ մոտ ժամանակներս պատերազմական լայնամասշտաբ գործողությունների սկսվեն. «Թեպետ պետք է հասկանանք, որ լայնամասշտաբ պատերազմ ամեն պահին էլ հնարավոր է, բայց մոտ ապագայում դրա հնարավորությունը չեմ տեսնում, որովհետեւ հայկական կողմը շահագրգռված չէ, ադրբեջանական կողմն էլ իրականում նույնպես շահագրգռված չէ լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնել, որովհետեւ չունեն երաշխիք, որ պատերազմը կավարտվի արագ, իսկ, եթե պատերազմը երկար տեւի, իրենց համար կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ: Այլ հարց է, որ ներկայիս տնտեսական, ներքաղաքական խնդիրների ֆոնին Ադրբեջանի ղեկավարությունը կարող է փորձել կրկին սրել իրավիճակն ու անցնել էսկալացիայի, բռնության նոր մակարդակի, որ կարողանա իշխանությունը պահել ու ներքին խնդիրներից անցնել արտաքին խնդիրների»:
Կարեն Վրթանեսյանը ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն էլ մոտ ապագայում չի տեսնում. «Այս իրավիճակը շարունակվելու է այնքան , մինչեւ կողմերը հոգնեն այս ամեն ինչից ու որոշեն լուծել խնդիրը»:
Մեր հարցին՝ տարածքների վերադարձման դեպքո՞ւմ, պարոն Վրթանեսյանը շարունակեց. «Չեմ կարծում, որ նման բան լինի, որովհետեւ դա իրականում կնշանակի ոչ թե խնդրի լուծում, այլ մեզ համար, մեր դիրքերի կտրուկ վատթարացում: Դրանով Ադրբեջանին կտանք հնարավորություն, որ շատ ավելի լավ դիրքերից հարձակվի մեզ վրա, դա մեզ համար որեւէ խնդիր չի լուծում: Ցանկացած տարածքի հանձնումը պաշտպանության լուրջ խնդիրներ կառաջացնի: Դա կնշանակի ռազմաճակատի գծի երկարության աճ, ինչն էլ ավելի մեծ ռեսուրսներ կպահանջի: Ամենակարեւորը հակառակորդը կստանա շատ լուրջ ռազմավարական առավելություն, որից միանգամից կօգտվի: Տարածքների հանձնելը մեզ համար ամենաանընդունելի քայլն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ