ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու Երևանի բնակարաններից մեկից գողության կատարած անձանց ինքնությունը:
2015 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 23:00-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 30-ը՝ ժամը 13:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք դռան փականները կոտրելու միջոցով մուտք են գործել Երևան քաղաքի Հանրապետության փողոցի 62 շենքի բնակարաններից մեկը և հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր, «նոթբուք» համակարգիչ, կանխիկ գումար՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի հատկանիշներով:
Քրեական գործով ստացվել են շենքի տարածքում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները:
Կարդացեք նաև
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձանց կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտե