Դեկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկեց Ամանորի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական երկօրյա ցուցահանդես-տոնավաճառը, որում ներկայացված են սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, ուտեստներ, քաղցրավենիք և բազմատեսակ այլ արտադրանքներ:
Ցուցահանդես-տոնավաճառ այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ նա նշեց. «Սիրիահայերի ձեռքի աշխատանքների առաջին տոնավաճառը կազմակերպվեց 2013 թվականին, որից հետո տարվա մեջ մի քանի անգամ նման տոնավաճառների կազմակերպումը դարձավ ավանդական: Ուրախ եմ, որ ամեն անգամ մեր հայրենակիցները նոր մոտեցումներով, ստեղծագործաբար են մոտենում ցուցահանդես-վաճառքին, ավելանում է տոնավաճառին մասնակցել ցանկացողների թիվը, իսկ դա նշանակում է, որ հնարավորինս խթանվում է մանր և միջին բիզնեսի զարգացմանը»:
Նախարար Հակոբյանն ընդգծեց, որ տեղացի մեր հայրենակիցները, Նոր տարվա շեմին կազմակերպված այս տոնավաճառից գնումներ կատարելով, ոչ միայն կաջակցեն սիրիահայերի բիզնեսի զարգացմանը, այլև հնարավորություն կունենան իրենց ամանորյա սեղանները համալրել յուրօրինակ ուտեստներով ու աղանդերներով, իսկ բնակարանները զարդարել սիրիահայ կանանց ձեռքով պատրաստված զանազան հուշանվերներով, սիրելի մարդկանց մատուցել բարձր ճաշակով ու մեծ արվեստով ստեղծված նվերներ:
«Սիրիահայերն իսկապես իրենց հետ նոր մշակույթ, աշխատանքի հանդեպ նոր մոտեցումներ ու որակ բերեցին Հայրենիք: Նրանք բարեխիղճ են և օժտված ձեռքի բացառիկ շնորհքով», – նշեց նախարարը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ