2016 թ. «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը կնշի հիմնադրման 15-ամյակը, իսկ մինչ այդ, այս տարվա դեկտեմբերի 25-ին կնշի պարերի բաց դասերի անցկացման 10-ամյակը. «Մենք տասը տարի ամեն ամսվա վերջին ուրբաթ օրն իրականացրել ենք պարի բաց դասեր՝ ժողովրդին իր ազգային մշակույթն ու գանձերը վերադարձնելու համար: Սկսել ենք «Նարեկացի» արվեստի միության հետ, բայց քանի որ պարել ցանկացողները շատ էին և գնալով էլ ավելի շատացան, «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի աջակցությամբ սկսեցինք դասերն ամռանը անցկացնել Կասկադում:
Այստեղ միանգամից 1000-1500 մարդ է պարում: Իսկ քաղաքապետարանի աջակցությամբ Ազատության հրապարակում իրականացրած մի քանի միջոցառումներին 2-3 հազար մարդ է մասնակցել: Այսինքն՝ հօդս են ցնդում այն խոսքերը, թե մեր երիտասարդությունը հետաքրքրված չէ ազգայինով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Ի դեպ, պարերի բաց դասի 10-ամյակը նշվելու է «Նարեկացի» արվեստի միությունում, որովհետև Գ. Գինոսյանին չի հաջողվել ավելի մեծ դահլիճ գտնել, և ստիպված կլինեն հարյուրավոր մարդկանց տեղավորել միության փոքրիկ դահլիճում:
Դառնալով 2015 թվականին իրականացրած միջոցառումներին՝ Գ. Գինոսյանը դրանցից առանձնացրեց «Կարինի» կողմից մի քանի պարերի վերականգնումը, այդ թվում՝ երեք պարից կազմված մուսալեռյան շարքը, որը խումբն առաջին անգամ հանդիսատեսին ներկայացրել է Մուսալեռի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներից մեկի ժամանակ:
Կարդացեք նաև
«Շատ կարևոր էր նաև, որ Հայրիկ Մուրադյանի 110-ամյակի առթիվ մշակեցինք մեր առաջին ներկայացումը՝ «Հայոց երգի հայրիկը» խորագրով, և երկու անգամ ներկայացրինք հանրությանը: Ցավոք, չկարողացանք ներկայացումը նաև մարզեր տանել: «Հայրիկ Մուրադյան» հիմնադրամի հետ ենք միջոցառումներ իրականացրել: Թողարկվել է երկու սկավառակ և մեկ գրքույկ: Սկավառակներից մեկում ներկայացված են Մուրադյանի 13 երգերը, իսկ մյուսում՝ «Կարինի» կատարմամբ 8 պարեր: Գրքույկում էլ ներկայացված են Մուրադյանի կենսագրությունը, երգերի բառերը, նոտաները և պարերի ծագումնաբանությունը»,- հավելեց «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավարը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ