Ազգային ավանդական կարատե-դո Ֆուդոշին ասոցիացիայի նախաձեռնությամբ Կենտրոնական հոսպիտալում հարյուրավոր կամավորներ արյուն են հանձնում հայրենիքի սահմանները պաշտպանող եւ ժամկետային ծառայող հայ զինվորների համար:
Ասոցիացիայի նախագահ, սեւ գոտի 4-րդ դան Սերգեյ Խաչատրյանը Aravot.am-ին ասաց. «Մենք տարբեր ակցիաներ ենք իրականացնում: Բայց այս անգամ հավաքվելով՝ որոշեցինք, որ այսօր առաջնայինը հայ զինվորի կողքին կանգնելն է: Ասեմ, թե ինչու: Հաշվի առնելով, որ այսօր մեր սահմաններում, ըստ էության, պատերազմ է եւ հայրենիքի սահմանները պաշտպանում են մեր հերոս երիտասարդ զինվորները, որոշեցինք Հայաստանի երիտասարդներին համախմբել Հայոց բանակի շուրջ, նրանց մեջ ավելի խորացնել սերը Հայոց բանակի, հայ զինվորի նկատմամբ, ապացուցել, որ երիտասարդները միասնական են, որ ազգի ու երկրի շահերը վեր են ամեն տեսակի արժեքներից:
Այս նախաձեռնությանը, որին մասնակցում է ոչ միայն մեր ասոցիացիան, միացել են տարբեր կազմակերպություններ ու անհատներ: Մասնակիցների թիվը արդեն գերազանցում է հարյուրը: Այսօր կամավոր արյուն է հանձնում նրանց մի մասը միայն: Սա ընդամենը սկիզբն է: Ակցիան շարունակվելու է նաեւ հաջորդ տարի ու ամանորյա տոներից անմիջապես հետո մենք նորից այստեղ ենք լինելու»:
Կարդացեք նաև
Կենտրոնական հոսպիտալի արյան փոխներարկման բաժանմունքի պետ, մայոր Մարգարիտա Հակոբյանը նույնպես ոգեւորված էր: «Ցավոք, այսպիսի նախաձեռնությունները այնքան էլ շատ չեն: Բայց վստահ եմ, որ մեր քաղաքացիների հայրենասիրությունը, սերը Հայոց բանակի, հայ զինվորի նկատմամբ, քաղաքացիական գիտակցությունը այնքան բարձր է, որ այսպիսի ակցիաները ավելի շատ կլինեն», – ասաց զինվորական բժիշկը, որն, ի դեպ, նաեւ արվեստի մարդ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
https://nt.am/am/news/215766/