Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս փորձագետները շրջանցեցին ՀԱՊԿ-ից հասցեական հայտարարություններ սպասելու մասին հարցը

Դեկտեմբեր 23,2015 17:49

Ռուս փորձագետները համառորեն հրաժարվում են պատասխանել հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը հասցեագրված հայտարարություններ չի անում: Sputnik Արմենիայի միջազգային մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան՝ տարածաշրջանային անվտանգության թեմայով տեսակամուրջի ընթացքում հայկական լսարանի կողմից հիշեցվեց ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որում նա անդրադարձ է կատարում հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Մասնավորապես այդ հատվածում ասվում է. «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»:

ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գուսևը, այդպես էլ չպատասխանելով հարցին, հայտարարեց, թե հայ-ադրբեջանական հարաբերությունները բարդ են, բայց չէր ցանկանա շեշտադրում կատարել այդ հարցին:

Խուսափելով այս թեմայից՝ սահուն անցում կատարեց դեպի ՀՀ-Ադրբեջանի նախագահների հանդիպում՝ նշելով, որ այն հուսադրող էր իրենց համար: Այնուհետև հիշեց երկու նախագահների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպումը:

Ռուսաստանի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովի համար Սերժ Սարգսյանի մտահոգությունները հասկանալի են, նա չբացառեց, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության սրման պատճառը նաև ռուս-թուրքական հարաբերություններն են:

Ռուս փորձագետներն իրենց խոսքում շեշտում էին հայ-ադրբեջանական հարաբերություններում եղած անհամաձայնությունները: Հակադարձելով այս պնդմանը՝ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց. «Ի՞նչ անհամաձայնության մասին կարող է խոսք լինել, եթե սահմանին Ադրբեջանի կողմից օգտագործվող ծանր հրետանիի պատճառով հայ զինվորներ են զոհվում: Ադրբեջանն արդեն սահմանին կիրառում է տանկեր, այստեղ անհամաձայնության խնդիր չկա, ուղղակի Ադրբեջանը իրավիճակը տանում է էսկալյացիայի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031