ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ գագաթաժողովում արդեն պարտադրված էր խոսել այնպես, ինչպես խոսեց:
Հիշեցնենք, նախագահը, մասնավորաբար ասաց. «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»:
Ռուսամետ ուժի ղեկավար գործչի համար էլ, բնականաբար, նորություն չէ, որ ՀԱՊԿ-ն իր գործառույթները լիարժեք չի կատարում, որ այդ կառույցում ընդգրկված թյուրքալեզու երկրները դաշնակցային հարաբերություններ ունեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որ պաշտոնական Երեւանը հաճախ «կուլ» էր տալիս այս ամենը`հանուն դաշնակցային հարաբերությունների եւ այլն:
Կարդացեք նաև
Բայց, իր ելույթով, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ-ին մեղադրանք ներկայացրեց, քանի որ սահմաններում իրավիճակն այլեւս ծայրահեղ է: Մեր զրուցակիցը նկատում է, որ ՌԴ-ն ինքն էլ ՀԱՊԿ-ում, ըստ էության խնդիրներ ունի`ելնելով ռուս-թուրքական վերջին լարումներից:
Անկախ ՀԱՊԿ-ի արձագանքից կամ ո՞ր ռազմաքաղաքական դաշինքի անդամ լինելուց, տիկին Սարգսյանը կարծում է, որ մեր սահմանների պաշտպանությունն ինքներս պետք է կարողանանք առավելագույնս ապահովել ու դա պետք է ներսից սկսենք. «Ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի բարելավմամբ, իշխանության նկատմամբ վստահության վերականգնմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի տեսանելի արդյունքներով»:
Այս ամենի համատեքստում, մեր զրուցակիցը բնավ էլ պատահական չի համարում ՊՆ մամուլի խոսնակի հայտարարությունն այն մասին, որ սահմանային խախտումներից այլեւս անցել ենք պատերազմի: «Դա ազդակ է: Բոլորս պիտի հասկանանք, թե ինչ իրավիճակում ենք ապրում: Եվ այդ գիտակցումը պետք է սկսվի իշխանությունից: Միայն այդ դեպքում ժողովուրդը պատրաստ կլինի պատերազմի: Հակառակ դեպքում, կարծում եմ, մեզ համար կորուստները մեծ կլինեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ