Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները: Ս.թ. դեկտեմբերի 11-ին սահմանված կարգի համաձայն հայտարարվել էր քվեարկության սկիզբը: Քվեարկության վերջնաժամկետն էր ս.թ. դեկտեմբերի 21-ը:
2015-ի փակ գաղտնի քվեարկությանն էր ներկայացվել 56 ֆուտբոլիստի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 47 մարդ:
Ինչպես հայտնի է, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար բարձրագույն խմբի ակումբները ներկայացնում են իրենց ակումբների 5 լավագույն ֆուտբոլիստների թեկնածությունները:
Ապա` Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների լավագույն ֆուտբոլիստների իր թեկնածուներին, որից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ գաղտնի քվեարկության:
Կարդացեք նաև
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները, Մեդիայի ներկայացուցիչները:
Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար:
Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար՝ 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով:
Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, Մխիթարյանը վեցերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և հինգերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Հենրիխ Մխիթարյանի անունը 45 անգամ նշվել է առաջին և 1 անգամ երկրորդ տեղում: Հավաքելով 228 միավոր՝ Հենրիխ Մխիթարյանը հռչակվում է 2015 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Ֆրանսիական «Դիժոնի» պաշտպան Գաել Անդոնյանը՝ վաստակելով 46 միավոր: Գաել Անդոնյանի անունը 11 անգամ նշվել է երկրորդ եւ 13 անգամ՝ երրորդ տեղում:
Հայաստանի ազգային հավաքականի և Ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին վաստակելով 44 միավոր զբաղեցրել է երրորդ տեղը «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում: Պիզելիի անունը 13 անգամ նշվել է երկրորդ և 5 անգամ՝ երրորդ տեղում:
Տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին կհանձնվի «Ոսկե գնդակ» մրցանակը, հատուկ պատվոգիր և 4 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգեւ:
Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրած Գաել Անդոնյանին կհանձնվի «Արծաթե գնդակ» մրցանակը, հատուկ դիպլոմ և 2. 800 .000 ՀՀ դրամ դրամական պարգև:
Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրած Մարկոս Պիզելիին կհանձնվի «Բրոնզե գնդակ» մրցանակը, հատուկ դիպլոմ և 2 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգև:
Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: