«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 25-ին կայանալիք համերգով կեզրափակվի երգիչ, երգահան Վահան Արծրունու բեմական գործունեության 30 եւ ծննդյան 50-ամյակին նվիրված համերգաշարը: Բեմում կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը, մենակատարներ Մերուժան Տեր-Մինասյանը, Հասմիկ Բաղդասարյանը, Արթուր Մոլիտվինը եւ այլք: Այս մասին այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում լրագրողներին հայտնեց Վահան Արծրունին:
Նա տեղեկացրեց, որ ծրագրի առաջին բաժնում ներկայացվելու է նախորդ համերգների ընտրանի՝ հիմնականում կամերային ժանրում, ինչպես նաեւ՝ երկու շարականի մշակում: Երկրորդ բաժինն էլ ներառում է գործիքային ստեղծագործություններ եւ երգեր գրված սիմֆո-ռոք ժանրում: «Ծրագիրը հղկվել է երկար տարիների ընթացքում: Շատ ոգեւորված ենք եւ մեծ սպասումներ ունենք այս համերգից»,-ասաց երաժիշտը:
Խոսելով համերգաշարի մասին՝ Վահան Արծրունին ասաց. «Սա փորձառության բացառիկ առիթ էր: Ամենամեծ ձեռքբերումը ստեղծագործական գործակցության այսպիսի հարթություն դուրս գալն է: Յուրաքանչյուր կոմպոզիտոր եւ բեմի մարդ կերազեր նման իրադարձությունների շարքում հայտնվել: Հնարավորություն ունեցա երկուսուկես ամսում հինգ համերգով ներկայացնել այն երաժշտությունը, որով զբաղվել եմ երեսուն տարի: Այս համերգաշարը ստեղծագործական հաշվետվություն է: Երգացանկը չկրկնվող է, ժանրը՝ նույնպես»:
Կարդացեք նաև
Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը հայտնեց, որ եզրափակիչ համերգից առաջ երաժշտասերներին անակնկալ է սպասվում: Դեկտեմբերի 24-ին նվագախումբը հանդես կգա համերգով. «Ընդգրկված կլինի բավականին գեղեցիկ երաժշտություն, ելույթ կունենան Օպերային թատրոնի մենակատարները: Ներկա կլինի նաեւ Մկրտիչ Արզումանյանը, որն իր կատարումներով «կհամեմի» համերգը»:
Սիրունյանը նաեւ նշեց, որ նվագախմբի համար անցնող տարին բավականին հագեցած էր. համերգները նվիրված էին Ցեղասպանության 100-ամյակին:
Ինչ վերաբերում է առաջիկա համերգին, Ռուզաննա Սիրունյանի կարծիքով՝ Թոփչյանի եւ Արծրունու գործակցությունը շարունակական է լինելու: Գուցե Արծրունին հետագայում ստեղծագործություններ գրի ֆիլհարմոնիկ նվագախմբի համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ