Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. Կհակադրվեմ ռեժիմին այնքան, որքան կարողանամ

Դեկտեմբեր 23,2015 16:23

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դեկտեմբերի 23-ին դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին՝ 2016 թվականի հունվար 21-ին, բերման ենթարկել Վարդգես Գասպարիին:

Վարդգես Գասպարին Аravot.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին հերթին պատրաստվում է հանդիպել գործում ներգրավված հանրային պաշտպան Մերի Ալավերդյանի հետ. «Հանրային պաշտպանները փաստացիորեն հայտնի չէ՝ մեղադրյալին են պաշտպանո՞ւմ, թե՞ դատավորին են պաշտպանում՝ այսպես ասած՝ նրա անօրինականությունները, ապօրինի գործողությունները պաշտպանելու առումով: Որովհետեւ նա լիազորված չէ, ես իրեն չեմ լիազորել, եւ դա կփորձեմ պարզաբանել՝ նրան հեչ հետաքրքրո՞ւմ է՝ ցանկանո՞ւմ եմ, որ ինքը ինձ պաշտպանի, թե՞ չեմ ցանկանում, մերժո՞ւմ եմ իրեն, ես չգիտեմ, դա իր համար որեւէ նշանակություն ունի՞, թե՞ իր համար էականը նա է, որ նա չզրկվի իր հանապազօրյա հացից: Եթե նրա համար առաջին խնդիրը նա է, որ պարզապես միայն եւ միայն իր հացը վաստակի, այդ դեպքում ես իրեն խորհուրդ կտամ՝ գնա կանաչի վաճառի, ոչ թե ստանձնի այն մարդկանց պաշտպանությունը, որոնք նրան մերժում են:

Եվ դա շատ կարեւոր խնդիր է, այդ նախադեպը եղավ Հայկ Կյուրեղյանի վերաբերյալ, որ մարդու քաղաքացիական, քաղաքական դիրքորոշումը ի չիք դարձրեց այսպես կոչված հանրային պաշտպանը, որը եկել էր միայն ու միայն նրա համար, որ իրեն հացից չզրկեն, իրեն աշխատանքից չհեռացնեն, որովհետեւ ես իրեն ուղիղ այդ հարցը տվեցի՝ ինչի՞ եք եկել այստեղ, ո՞վ է ձեզ լիազորել, որ եկել եք այստեղ, ասում է՝ «դե ի՞նչ անենք, մեզ ասում են պիտի գանք»:

Ես փորձելու եմ առերես պարզել, ճշտել այդ հանրային պաշտպանի հետ, եթե ինքը ուշքի չգա, թե ինչ գործառույթ է անում, ես հաջորդ քայլով նրա տան դիմաց պիկետ կանեմ, որ ի վերջո հանրային պաշտպանը նրա համար չէ, որ դատավորի կամակատարը դառնա, չի՞ կարողանում պաշտպանական գործառույթով զբաղվի, թո՛ղ գնա այլ գործով զբաղվի՝ այսքան հայտարարություններ են տալիս՝ հավաքարար է պետք, վաճառող է պետք, կարող է գնա ապրանք վաճառի»:

Վարդգես Գասպարին նշեց, որ դա իր առանց բռնության պայքարն է, եւ հակադրություն է առաջանում, երբ բռնության դեմ պայքարող մարդուն, բռնությամբ տանում են դատարան, բռնությամբ դատում են եւ բռնի կերպով դուրս են հանում դատարանից:

Մեր նկատառմանը, որ Գասպարին յուրաքանչյուր դատական նիստին գրություն է ուղարկում դատարան՝ իր բացակայության պատճառների մասին, Վարդգես Գասպարին ասաց, որ պարզապես այդպես ցույց է տալիս, որ ինքը չի թաքնվում, այլ պարզապես չի ենթարկվում. «Ինչ ուզում են՝ թո՛ղ անեն, երբ ցանկանում են, գան բռնեն, ուզում են տանեն կալանավայր, թո՛ղ տանեն, ես պասիվ պայքար եմ տանում, ես չեմ խուսափում»:

Իսկ կալանավորման որոշման դեպքում Վարդգես Գասպարին ասաց, որ կհակադրվի ռեժիմին այնքան, որքան կարողանա. «Այդ մարդիկ ինձ համար նույնպես անօրինական են, ապօրինի են, կալանավայրում նրանց կարգադրությունները հնարավորության սահմաններում չեմ կարծում, որ կատարեմ, բայց չեմ խոստանում. Դե կալանավայր է, էլի՝ այնտեղ ավելի փակ համակարգ է, գործող բռնապետական ռեժիմի առաջին եւ վերջին հույսը քրեական տարրերն են, չեմ բացառում, որ քրեական տարրերի միջոցով ինչ-որ բան պարտադրեն այնպես, ինչպես արել են 2008 թվին: Բայց համենայն դեպս, ես հեռվից հեռու չեմ խուսափում գնալ այդ քայլին: Այ, երբ այդ քրեական տարրերը եկան խցի դռան հետեւը, նորից հարվածեցին դռանը՝ «կմորթեմ, կմորթեմ» գոռալով այնպես, ինչպես արեցին 2008 թվին, երբ քրեական տարրերը, ինչպես 2008 թվին Տիգրան Թադեւոսյանի նման դանակով հարձակվեն խցում ինձ վրա, այ մինչեւ այդտեղ հասնելը, չգիտեմ՝ ինչ կանեմ: Բայց մինչեւ այդտեղ հասնելը, չեմ կարծում, որ կենթարկվեմ այս քրեական ռեժիմի պարտադրանքներին»:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Վարդգես Գասպարին 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներն են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում» «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031