Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Արամայիս Գրիգորյանի, ոչ ոք չի կարող գիտականորեն ասել, որ Սեւանի ձկնաբուծարանը վտանգավոր է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2015 16:17

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ամփոփեց տարին. Նա մանրամասն ներկայացրեց, թե նախարարությունն ինչ ծրագրեր է արել, այդ թվում նաեւ՝ Սեւանա լիճ մանրաձկան բացթողումը:

Լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ Սեւանա լիճ մանրաձկան բացթողումը նախարարի ամենամե՞ծ բացթողումն էր, եւ ինչով է պայմանավորված նախարարի այս տարվա եկամուտների ավելացումը: Այս հարցերն ակնհայտորեն նախարարին դուր չեկան. Նա այդ հարցերի համար կշտամբեց լրագրողին, ապա ասաց. «Մենք բացթողումներ չունենք: Մենք ներկայացնում ենք մեր կատարած աշխատանքը, մինուսն ու պլյուսը, եւ թողնում ենք ձեր քննադատությանը: Նաեւ ներկայացնում ենք հանրությանը, հանրությունը կտեսնի, թե որտեղ ենք մենք բացթողումներ ունեցել՝ կներկայացնի: Իսկ ինչ վերաբերում է մեր կատարած աշխատանքներին, առավել կարեւոր հարցի հետ կապված՝ դա կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներն են: Ինչ վերաբերում է իմ շահույթներին, այնտեղ հաստատագրած է, ցանկացած գրագետ մարդ կարդալուց կհասկանա»:

Մեր այն դիտարկմանը, որ նախարարը հանրային մարդ է եւ պետական պաշտոնյա, ուստի նրա եկամուտները հետաքրքիր են հանրությանը եւ պետք չէ զայրանալ, նախարարն ասաց՝ «Իմ եկամուտները թափանցիկ են, ես բիզնեսով չեմ զբաղվում»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ բնապահպանները մտահոգություն ունեն, որ Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով ձկնաբուծական ծրագիրը  խիստ վտանգավոր է, այն լճի էկոհամակարգն է վնասելու, եւ նման կերպ Սեւանին վերաբերվելը՝ որպես ջրամբարի՝ հանցագործություն է, նախարարն ասաց, որ դա պետական կարեւոր ծրագիր է. «Որեւիցե մեկը հստակ գիտականորեն չի կարող մեզ ներկայացնել, որ այս ծրագիրը բացասական ազդեցություն կունենա Սեւանի վրա»:

Մանրամասն՝ տեսանյութում

Արամայիս Գրիգորյանն անդրադառնալով սիգի որսագողությանն՝ ասաց՝ «Սիգի հետ կապված եթե դուք տեսնում եք, պատկերը պետք է նկարեք, մարդկանց պատկերը ցույց տաք, մարդիկ ամաչեն, փորձեն նմանատիպ ձեւով որսագողություն չանեն: Մենք ամեն օր առգրավում ենք տարբեր քանակի ձուկ, փորձում ենք անել ամեն ինչ՝ տույժեր ենք ներկայացնում, բայց որսագողությունը դառել է մեզ համար պայքար, որ ազգովի պայքարենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հարցին՝ միթե նախարարությունն անզոր է սիգի որսագողերի դեմ, Գրիգորյանն ասաց՝ «Մենք այդքան մեծ քանակության աշխատակիցներ չունենք, եղածը լիարժեք օգտագործում ենք: Միայն ոստիկանական ուժերով դրանց դեմ ազդել չենք կարող: Եթե կա պահանջարկ, գողությունը լինելու է: Ես խնդիրը հետեւյալ կերպ եմ տեսնում՝ եթե մենք կարողանանք մեր ժողովրդին տրամադրել, որ այս 2 տարվա ընթացքում իրենց ցանկությունները կարողանան դադարեցնել, պահանջարկը նվազի, գողությունն էդպես չի իրականացվի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նախարարն իր ամփոփիչ ելույթում հանքարդյունաբերության մասին չխոսեց, եւ միայն լրագրողների հարցերից հետո անդրադարձավ այդ ոլորտին:

Բնապահպանների՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ մտահոգությունների մասին էլ նախարարն ասաց. «Ամուլսարը դեռ չի շահագործվում, այստեղ մենք խնդիր չենք տեսնում: Իհարկե բնապահպանների ահազանգը կարեւոր է, նրանց ահազանգերը մեզ միշտ սթափ եւ զգոն են պահում, սա շատ կարեւոր է, որպեսզի հանք շահագործողներն էլ լինեն սթափ եւ զգոն: Բայց այսօր մենք հանք չշահագործել, չենք կարող: Դուք ինքներդ տեսնում եք աշխարհում ինչ է կատարվում, եւ այսօրվա դրությամբ ունենալ հանք շահագործելու հնարավորություն եւ դա չանել, մեղմ ասած, դա ճիշտ չի, որովհետեւ սա մեր հետագա զարգացումն է»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Այդ դեպքում Դուք պետք է հակառակը ապացուցեք, որ դա չի կարող վնաս հասցնել Սևանին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031