Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ավանդապաշտ հայերը տոնածառի փոխարեն Կենաց ծառ են զարդարել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 23,2015 16:08

«Ամանորը համայնքին միավորելու մեծ գործառույթ է իրականացնում: Նոր տարին մեծ ժողովրդականություն է վայելում, այն հնի եւ նորի սահմանագիծն է, այդ պատճառով էլ մեր հասարակությունը տոնին պատրաստվել է հոգեպես եւ ֆիզիկապես՝ կարգի է բերել իր բնակարանը, հարթել հարաբերությունները ընտանիքի անդամների եւ համայնքի անդամների հետ, փորձել է հաղթահարել վեճերը եւ դժվարությունները»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսելով ավանդական Նոր տարվա մասին, ասաց Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը: Նրա դիտարկմամբ՝ վերոնշյալ երեւույթն այսօր արժեզրկվել է:

Խոսելով ավանդական ուտեստներից՝ ազգագրագետն ասաց, որ դրանք բավականին բազմազան են. «Անգամ եթե սուրբծննդյան Պահքի հետ կապված բուսական կերակուրներ է պետք պատրաստել, սեղանը պակաս շքեղ չի լինի: Մեր ժողովրդական գիտելիքները թույլ են տալիս ունենալ պասուց տոլմաների եւ աղցանների մի ամբողջ տեսականի: Հաճախ տանտիկինները առավոտից երեկո չարչարվում են, բայց տոնական միջավայրը չի ստացվում: Դրա համար ավելորդ շռայլություններ պետք չեն: Կարեւորը տոնական ոգին է»:

Բանախոսը տեղեկացրեց, որ հնում ավանդապաշտ հայերը տան առաստաղը զարդարել են երկնային լուսատուների պատկերներով, սյուներին կարմիր կտորներ կապել: Սեղանին պարտադիր դրվել են թարմ մրգեր, բանջարեղենային աղցաններ, չրեր:

Սվետլանա Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե որոնք են Սանտա Կլաուսի եւ տոնածառի «հայկական նախատիպերը»: Նա ասաց, որ ընտանիքներում պտղատու ծառի ճյուղ՝ Կենաց ծառ են զարդարել. «Ծառի պաշտամունքը բավականին հզոր արմատներ ունի հայերի շրջանում, ազգագրական աղբյուրները վկայում են այդ մասին: Օրինակ՝ համշենահայերը տոնական սեղանի կենտրոնում ձիթենու ճյուղ են դրել»:

Ինչ վերաբերում է Ձմեռ պապին, մեզանում այդ կերպարի կրողը եղել է Կաղանդ պապը, որն ըստ ժողովրդական ավանդության, ապրում է Արարատի գագաթին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031