Արագածոտնի մարզի Քուչակ և Ապարան համայնքներից քսան աշակերտ ՊիկսԱրտ ընկերության հրավերով այսօր այցելեցին ընկերության երևանյան գրասենյակը՝ մասնակցելու տոնական ժամանցային և ուսուցողական միջոցառմանը:
ՊիկսԱրտի եւ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Արվեստի ուսուցում ժամանակակից տեխոնոլոգիաների միջոցով» ծրագրի շնորհիվ (“Learning Art through Modern Technologies”) Ապարանի տարածաշրջանից ավելի քան 50 աշակերտ սովորում են ստեղծագործել հանրաճանաչ ՊիկսԱրտ ծրագրով։ Համատեղ ծրագրի շրջանակներում Ապարան և Քուչակ համայնքներում երկու դպրոցների խմբակներին նվիրաբերվել է 29 պլանշետ, իսկ նկարչության ուսուցիչները վերապատրաստվել են ՊիկսԱրտ-ի կողմից։
«Հայաստանի ապագա զարգացումը սերտորեն կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, ինչը բնական պաշարներ չի պահանջում, այլ միայն գիտելիք և համապատասխան կրթություն», ասաց ՊիկսԱրտի հիմնադիր Հովհաննես Ավոյանը: Նա հույս հայտնեց, որ այս նախագծով կրթական գործընթացի մի նոր, ավելի կարևոր փուլ կմեկնարկի Հայաստանում՝ դրականորեն ազդելով ոչ միայն առանձին անհատների ապագայի, այլև երկրի տնտեսության վրա:
Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը վստահ է, որ այս ծրագրի շրջանակներում համագործակցությունը հրաշալի օրինակ է, թե ինչպես տեղական ընկերություններն ու հասարակական կազմակերպությունները կարող են համատեղել ջանքերը՝ կյանքի կոչելով նորարարական ծրագրեր և գաղափարներ: «Ծրագիրն ավելի հեռուն գնացող ազդեցություն ունի, քան զուտ երեխաներին նոր տեխնոլոգիական միջոցներին ծանոթացումը: Նախագիծն օգնում է երեխաների մոտ զարգացնել ստեղծարար ու նորարար մտածելակերպ, իսկ ՊիկսԱրտի երիտասարդ մասնագետները կարող են նրանց համար լավագույն օրինակ ծառայել»:
Ամանորյա միջոցառման ընթացքում աշակերտները մասնակցեցին գրաֆիկ դիզայնի, լուսանկարչության և էլեկտրոնային նկարչության մրցույթի։ ՊիկսԱրտի մասնագետներից բաղկացած ժյուրիի ընտրությամբ արժանացան մրցանակների: Յուրաքանչյուր մասնակից աշակերտի ի համար նաև Ամանորը նշանավորվեց նվերներով ընկերության աշխատակիցների կողմից։
Որպես ծրագրի շարունակություն ՊիկսԱրտ-ի մասնագետները պարբերաբար կայցելեն դպրոցներ՝ աջակցելով դասընթացների անցկացմանը:
Մամլո հաղորդագրություն