Օրեր առաջ «Առաջին լրատվականին» տված իր հարցազրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը մի ուշագրավ պատմություն էր ներկայացրել իր և Վազգեն Սարգսյանի՝ 1998-ին ունեցած մի խոսակցության մասին:
Նա մասնավորապես հիշել էր. «1998-ին, երբ Սերժ Սարգսյանը զբաղված էր իշխանափոխությամբ, այն ժամանակ Վազգեն Սարգսյանը մի օր առավոտյան ինձ տեղեկացրեց, որ իր հանդեպ սպանություն է նախապատրաստվում և ասաց, որ կազմակերպիչը Վանո Սիրադեղյանն է: Ասացի՝ ամենահեշտ չեզոքացումը վտանգի մամուլի ասուլիսն է, հրավիրենք, այդ մասին հայտնիր: Նա պատասխանեց, թե Վանոն ընկերս է, երկիրն էլ հարվածի տակ դնել չեմ կարող: Ասաց՝ ես նրա հետ կխոսեմ: Գնաց, խոսեց Վանոյի հետ, նա հավաստիացրել էր, որ նման բան չկա»:
Aravot.am-ը Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ նման բան հնարավոր համարու՞մ է: Նա բացառեց ու մանրամասնեց. «Բացարձակ անհավանական եմ համարում ու հեքիաթ: Վանոն Վազգենի ընկերն է եղել թե′ պաշտոնի ժամանակ, թե′ պաշտոնից հետո: Հոկտեմբերի 27-ից հետո ամենաշատը մեր տուն եկող-գնացողը մարդն էր Վանոն: Նա իմ չափ ծանր է տարել Վազգենի ողբերգությունը, ամեն երեկո իմ մոր հետ է եղել»:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանը նշեց. «Չգիտեմ՝ ինչ է պատմում, ինչի համար է պատմում Աշոտ Մանուչարյանը, բայց դա բացառված բան է»:
Այնուհետև հավաստիացրեց. «Թե′ Վազգենին, թե′ Վանոյին ճանաչողները գիտեն, որ նման բան անհնար էր լիներ, Վազգենի ու Վանոյի նամակները կան տպագրված»:
Արամ Սարգսյանը նաև հնարավոր չի համարում, որ Վազգեն Սարգսյանը նման բան պատմած լիներ Աշոտ Մանուչարյանին, քանի որ նրանց հարաբերություններն այդպիսին չէին:
Ի վերջո, պարոն Սարգսյանի կարծիքով, եթե Վազգեն Սարգսյանը իր դեմ նախապատրաստվող որևէ վտանգի մասին էր տեղեկացել, ապա ինքը այդ
մասին կկիսվեր ոչ թե այս կամ այն անձի հետ, այլ դրա համար կային անվտանգության մարմիններ, ռազմական ոստիկանություն և այլն:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի համար ևս այս պատմությունը կասկածելի թվաց, բայց նա մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող որևէ մեկնաբանություն անել՝ մինչև չխոսի Աշոտ Մանուչարյանի հետ, տեսնի, թե նա ինչ է ասել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ